Ռեկտորատի երեկվա՝ մարտի 21-ի նիստում, որ նախագահում էր ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, որպես օրակարգի առաջին հարց քննարկվեցին 2023-2024 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ամփոփ տվյալները։ Ստորաբաժանումների ղեկավարների զեկուցումներից, ընդհանուր առմամբ, բարվոք պատկեր ուրվագծվեց թե առաջադիմության ու կարգապահության եւ թե ընթացիկ խնդիրների վերհանման ու հաղթահարման՝ ձեւավորված գործելակերպի արդյունավետության առումով։ Ինչպես միշտ, անկեղծ քննության առարկա դարձան խնդրին առնչվող շատ հարցեր՝ ցածր առաջադիմություն ունեցող ուսումնառողներին ուսումնական գործընթացում լիարժեքորեն ներգրավելու՝ դասախոսների մասնագիտական ու մանկավարժահոգեբանական վարպետությունից մինչեւ դասագրքեր, գործընթացի պատշաճ պլանավորումից մինչեւ ՀԱԱՀ վարժարանի եւ քոլեջի սաներին մեր բուհ ընդունվելու համար լրջորեն նախապատրաստելու առաջնահերթություն։
Պարոն Զաքոյանին հետաքրքրող հարցերից մեկը վերաբերում էր նախորդ ուսումնական տարվա համեմատությամբ դրական տեղաշարժի առկայությանը․ հրապարակված թվերից պարզ դարձավ, որ, ըստ էության, այդպիսի տեղաշարժ կա բոլոր ստորաբաժանումներում։ Նրա առաջարկությամբ, կրթության որակի հետեւողական բարձրացման քաղաքականության շրջանակում, ռեկտորատը որոշեց այս ամսվա ավարտին կազմակերպել ընդլայնված քննարկում դասախոսների հետ։
Օրակարգային էր նաեւ վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի քննարկման եւ հաստատման վերաբերյալ հարցը։ Այս առումով ռեկտորի պարտականությունները կատարողի հստակ ուղերձն էր՝ ուսանողին սոցիալական աջակցություն ցուցաբերելիս առաջին պլանում պետք է լինի առաջադիմությունը, որից հետո նոր պետք է հաշվի առնել նրա սոցիալական խումբը։ «Մեր գերնպատակը լավ մասնագետ թողարկելն է, ուստի առաջին հերթին մենք գնահատում ենք լավ սովորելը»,- ասաց պարոն Զաքոյանը։
Ռեկտորատը քննարկեց եւ համապատասխան որոշումներ ընդունեց քոլեջի, առկա ուսուցման բակալավրիատի, մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների/մագիստրոսական թեզերի կատարման ընթացքի եւ խնդիրների, ինչպես նաեւ ՀԱԱՀ ստորաբաժանումների գործառնական պլանների մշակման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ։ Քննության առնվեցին նաեւ ընթացիկ հարցեր։
Ագրարային համալսարանն այս տարի դիմելու է հերթական հավատարմագրում ստանալու համար։ Այս կապակցությամբ, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը ռեկտորատին տեղեկացրեց ինքնավերլուծության անհրաժեշտության մասին՝ անկախ բուհերի ակնկալվող միացման իրողությունից։ «Ինքնավերլուծությունը նաեւ կարտացոլի այն հսկայածավալ բարեփոխիչ աշխատանքը, որ կատարվել է մեր բուհում»,- ասաց տիկին Զաքարյանը։
Ռեկտորատի նիստի ավարտին պարոն Զաքոյանի եզրափակիչ խոսքն էր․ «Անկախ առկա անորոշությունից, մենք շարունակում ենք աշխատել, ինչպես աշխատում էինք վերջին տարիներին»։