Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ռեկտորատի հերթական նիստը` ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ քննարկվեցին եւ հաստատվեցին վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձավճարների զեղչերը՝ 20-ից 50 տոկոսի սահմաններում։ Զեղչերը սահմանելիս հիմք են ընդունվում մի քանի նկատառումներ, սակայն ՄՈԳ-ի համար սահմանված շեմը՝ անվերապահորեն։ Պատահական չէ, որ շեմի բարձրացումն արդեն տալիս է դրական արդյունքներ ուսման որակի հարցում։
Փորձուսուցումների եւ աշխատանքային կիսամյակի ընթացքն ու արդյունքները քննարկելիս հետաքրքրական եւ բավականին գոհացուցիչ արդյունքներ արձանագրվեցին։ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանն իր զեկուցման մեջ անդրադարձավ ֆակուլտետում արդեն ավարտված աշխատանքային կիսամյակի արդյունքներին։ Գործընկեր կազմակերպություններում, որոնցից շատերի հետ կնքել ենք համագործակցության հուշագրեր, ուսանողների մեծամասնությանը աշխատավարձ են վճարել, բացի այդ, ուսանողները հիմնականում ապահովվել են փոխադրամիջոցներով ու սնունդով։ 26 ուսանողներից 15-ին աշխատանք են առաջարկել տեղում։ Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ առաջին (առհասարակ հայ իրականության մեջ) աշխատանքային կիսամյակը հաջողված է, իսկ դրա ավարտին հավաքված տվյալների բազան կօգնի ֆակուլտետին ավելի լավ կողմնորոշվել հաջորդ տարվա աշխատանքային կիսամյակը կազմակերպելիս։
Մյուս ֆակուլտետներում աշխատանքային կիսամյակը նոր է հատել հասարակածը, սակայն, ինչպես դեկանները նշեցին, այս ձեւաչափով փորձուսուցումների ժամանակ ուսանողներն անհամեմատ ավելի շատ մասնագիտական հմտություններ, գիտելիքներ ու փորձ են ստանում, քան ավանդական փորձուսուցումների դեպքում։ Աշխատանքային կիսամյակի արդյունքներին ծանոթանալով՝ ռեկտոր Ուռուտյանը այն գնահատեց որպես կարեւոր փորձառություն եւ, ըստ էության, հաջողության պատմություն։
Ընդհանուր առմամբ, աշխատանքային կիսամյակը, չնայած որոշ (արդեն հարթված) խոչընդոտներին, բավարար արդյունավետությամբ է իրականանում, ընդ որում բազմաթիվ ուսանողներ աշխատանքի հրավեր են ստանում փորձուսուցման վայրում, շատերն արդեն աշխատում են։ Փորձուսուցման արդյունավետությունը գնահատվել-գնահատվում է բոլոր ֆակուլտետներում, ընդ որում հետաքրքիր փորձ է արել Տեխնոլոգիականը՝ ֆորմալ հարցումներ անելով ուսանողների շրջանում։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց դեկանի պաշտոնակատար Դավեյանը, հարցմանը մասնակցած 50 ուսանողների 60 տոկոսը աշխատանքային կիսամյակը բարձր է գնահատում, 27 տոկոսը՝ բավարար։
Փորձուսուցումների եւ աշխատանքային կիսամյակի արդյունքների վերաբերյալ ամփոփիչ հաղորդմամբ հանդես եկավ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։
Ռեկտոր Ուռուտյանն այս առումով նշեց, որ նախկինում ուսանողների շրջանում անցկացված համանման հարցումները հստակ ցույց են տվել փորձուսուցումների անարդյունավետությունը, որի պարզ բացատրություններից մեկը տեսական հիմնավոր գիտելիքի պակասն էր, մասնավորապես՝ այնպիսի ենթակառույցների բացակայության պատճառով, որոնք այսօր իրականություն են համալսարանում։ Ի դեպ, ռեկտորը նաեւ նշեց, որ ուսանողները փորձուսուցման ժամանակ ստացած արժեքավոր տեղեկատվությունը կարող են օգտագործել դիպլոմային աշխատանքների համար, եւ եթե անհրաժեշտ համարեն փոխել իրենց աշխատանքի՝ նախապես հաստատված թեման, ապա ուսանողին չպետք է կաշկանդել այս առումով։
Քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս ավարտվում է քոլեջի ուսանողների փորձուսուցումը, բայց նրանք խնդրում են երկարաձգել այն․․․ Այս հաճելի իրողությունը ռեկտոր Ուռուտյանը գնահատեց որպես քոլեջում իրականացվող դուալ ծրագրի արդյունավետության եւ դրա փորձը տարածելու անհրաժեշտության լավ ցուցիչ։
Ռեկտորատում քննարկված «հարակա» թեմաներից էր կարգապահությունը, ներառյալ՝ վարձավճարների հավաքման գործում, որտեղ որոշակի դանդաղումներ, թերացումներ կան․ այս առումով, ռեկտորը բերեց հեռակա դեպարտամենտի օրինակը, որտեղ սկզբունքային մոտեցումը հանգեցրել է վարձավճարների մուծման կարգապահության բարձրացմանը։