Ագրարային համալսարանում էին «Այբ» կրթական հիմնադրամի պատասխանատուները, որոնց հաճույքով ընդունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Քննարկվեցին հիմնադրամի «Այբ» դպրոցի, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Արարատյան բակալավրիատի, «ԱյբԼաբ»-երի եւ հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված ու գործող այլ կառույցների հետ ՀԱԱՀ համագործակցության մի շարք նպատակներ եւ ուղղություններ։
Ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջագայեցին համալսարանի նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, եղան ջերմատանը, կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային ինկուբատորում, որը շուտով իր դռները կբացի ոլորտում ասելիք ունեցող կազմակերպությունների եւ անհատների առջեւ։
«Այբ»-ի ներկայացուցիչները տպավորված էին տեսածով եւ լսածով եւ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել արդեն առկա գործակցային կապերն ու համատեղել ջանքերը՝ մեր երկրում որակյալ կրթական մթնոլորտ ստեղծելու ընդհանուր նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Հենց այս նպատակով են ստեղծել «Այբ»-ը աշխարհի տարբեր անկյուններում ապրող՝ միեւնույն ազգային նպատակի ջատագով հայ մարդիկ։ Պատահական չէ, որ Հայաստանը կրթական գերազանցության կենտրոն դարձնելու տեսլականի ընկալման եւ իրականացման հարցում շատ ընդհանուր եզրեր կան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Այբ» համակարգի միջեւ։