Նոր ուսումնական տարվան զուգահեռ սկսվում են նաեւ մեր գործընկեր համալսարանների կազմակերպած ամենամյա միջազգային էրազմուսյան շաբաթները, որոնք հիմնականում նախատեսված են միջազգային գրասենյակների աշխատակիցների համար եւ միտված են առկա համագործակցության արդյունքների քննարկմանը, նոր հնարավորություններին եւ հեռանկարներին։
Հոկտեմբերի 23-27-ին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում կազմակերպվեց հերթական միջազգային շաբաթը, որը երկակի ձեւաչափով էր՝ միջազգային վերապատրաստում եւ դասավանդում։ Հանդիպմանը ներկա էր 50 մասնակից 15 համալսարաններից (Ֆրանսիա, Գերմանիա, Բուլղարիա, Իսպանիա, Թուրքիա, Վրաստան, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Սլովենիա, Նիդերլանդներ, Ուկրաինա, Հայաստան)։ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում այս անգամ ՀԱԱՀ-ից «Միջազգային շաբաթին» մասնակցեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանն ու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանը։
Հանդիպման առաջին օրը ներկաներին ողջունեց եւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի զարգացման հեռանկարների մասին խոսեց ինստիտուտի նախագահ Մարիա Ֆաթիմա Նունես դե Կարվալյուն։ Այնուհետեւ մասնակից բոլոր համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին իրենց համալսարանները։ ՄԿԴ պետ Գ. Համբարձումյանը ներկայացրեց ՀԱԱՀ կրթագիտական ուղղությունները, նորարարական կենտրոններն ու դրանց իրականացրած աշխատանքները, ինչպես նաեւ միջազգային ծրագրերն ու գործընկերներին։
Բացի պաշտոնական բուհական հանդիպումներից, հյուրընկալող համալսարանը կազմակերպել էր նաեւ հետաքրքիր հանդիպում պորտուգալական ազգային սովորույթների եւ պորտուգալերենի մասին։
Մեկ առանձնակի օր նվիրված էր միջազգային համագործակցությանը։ Հյուրընկալող եւ մասնակից համալսարանների միջազգային բաժինների աշխատակիցները ներկայացրին իրենց փորձն ու համագործակցության հեռանկարները։ Բավականին ծավալուն քննարկում եղավ Եվրահանձնաժողովի հաստատած եւ էրազմուսյան փոխանակմանը վերաբերող նոր մոտեցումներին, մասնավորապես՝ կրթության առանձհատատուկ կարիք ունեցող թիրախային խմբերի (հաշմանդամներ, սոցիակալան անապահով խմբեր, միգրանտներ, ծնողազուրկներ եւ այլն) շարժունության կազմակերպմանն ու նրանց տրվող արտոնություններին։ Պարոն Համբարձումյանը ներկայացրեց մեր համալսարանի իրականացված նման մեկ շարժունության փորձը, դրա իրականացման ընթացքում հանդիպող խոչընդոտներն ու հաղթահարման տարբերակները։
Հյուրընկալող համալսարանը կազմակերպել էր նաեւ վերապատրաստումներ եւ հանդիպում-քննարկումներ կոնկրետ ուղղություններով։ Առանձնահատուկ կերպով ներկայացվեցին ՏՏ ոլորտային խմբի աշխատանքները: Նախ, ծանոթացրեցին համալսարանի բոլոր ենթակառուցվածքներին, մասնավորապես՝ սերվերային, ցանցային հանգույցների աշխատանքներին: Մանրակրկիտ կերպով բացատրեցին անվտանգության, արխիվացման համակարգերը, որը մեծ տպավորություն թողեց մասնակիցների վրա, որոնք նորամուծություններ ու կարեւոր լուծումներ յուրացրեցին: Գործնական աշխատանքներին զուգահեռ տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց համալսարանների փորձն էին փոխանցում նույն խնդիրների լուծման վերաբերյալ: Հատկանշական է, որ անվտանգության, ինչպես նաեւ ՏՏ ոլորտի շատ խնդիրներ նույնն են բոլոր համալսարաններում, եւ այս առումով, շատ արդյունավետ եւ օգտակար էին քննարկումները:
Մասնակիցներին հետաքրքրում էր նաեւ Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում կիրառվող ծրագրային եւ համակարգային լուծումները, որոնց մասին հանգամանալից քննարկում եղավ Տեղեկատվական տեխնոլոգիայի բաժնի ղեկավար Ֆիլիպ Մանուել Պաչեկոյի հետ: Վերջինի հետ ստեղծված ջերմ աշխատանքային հարաբերությունների շնորհիվ պայմանավորվածություն է ձեռք բերվել Բեժայի ինստիտուտում ներդրված առաջադեմ որոշ տեխնոլոգիաներ ներդնել մեր համալսարանում։ ՀԱԱՀ ՏՏ կենտրոնի տնօրեն Վ․ Մելքոնյանը ներկայացրեց որոշ տեխնոլոգիական լուծումներ, որոնք կիրառվում են ՀԱԱՀ-ում, որը հետաքրքրեց այլ բուհերի ներկայացուցիչներին, որոնց հետ առաջիկայում կկազմակերպվեն փորձի ու ծրագրակազմերի փոխանակման առցանց աշխատանքներ:
ՀԱԱՀ պատվիրակության համար «Միջազգային շաբաթը» բավականին հաջողված էր։ Իսպանական, լիտվական, բուլղարական, ուկրաինիական որոշ համալսարանների հետ համատեղ կրթական եւ գիտական աշխատանքներ իրականացնելու պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն մոտ ապագայում։
Վ․ Մելքոնյանի եւ Գ․ Համբարձումյանի համար առանձնապես կարեւոր էր նաեւ այն, որ Բեժայի ակադեմիական եւ հաստատութենական էրազմուսյան ղեկավարները գոհունակությամբ փաստեցին անցյալ տարի ՀԱԱՀ երկու ուսանողների էրազմուսյան շարժունությունն ու նրանց ակտիվ մասնակցությունը դասերին եւ գործնական աշխատանքներին, ինպես նաեւ հաճույքով հիշեցին իրենց էրազմուսյան այցը Հայաստան եւ ՀԱԱՀ։
Արդեն երրորդ անգամն է, որ ՀԱԱՀ աշխատակիցները մասնակցում են Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի կազմակերպած միջազգային շաբաթին, եւ ինչպես վկայում են պարոն Համբարձումյանը եւ պարոն Մելքոնյանը, այն կազմակերպված էր այնքան հետաքրքիր ու արդյունավետ, ինչքան նախորդները։ ՀԱԱՀ ներկայացուցիչները փաստում են հյուրընկալող համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմն ու մարդկային նույնքան բարձր որակները։