Մագիստրոսական ավարտաճառ. Խնդիր – նպատակ – արդիականություն

Մագիստրոսական թեզերին ներկայացվող այս պահանջների եռամիասնությունը պետք է անխուսափելիորեն ամփոփվի եզրակացություններով ու առաջարկություններով: Ուղեկցվի բույսերի աճի ընթացքը բնութագրող եւ ուսումնառողների աշխատանքային առօրյայի մասին վկայող լուսանկարներով: Ընդամենը: Բայց այս «ընդամենը»  եզրույթի ետեւում տքնաջան փորձաշրջան է ենթադրվում, համառ ու հետեւողական աշխատանք, օրն ի բուն աչալուրջ դիտարկումներ:

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում «Ջերմատնային ագրոտեխնոլոգիա» մագիստրոսական ծրագրի շահառուները: Ընդհանրապես, ագրոնոմիական ոլորտը շատ խոսել չի սիրում: Այստեղ աշխատանքն է որոշիչը: Մի երկու ստուգող-ճշգրտող հարց, աղյուսակի վերլուծություն, եւ պատկերը ակնհայտ է դառնում՝ լավ կամ վատ, կախված է մագիստրանտից: Իսկ նրանց նկատմամբ, ի տարբերություն բակալավրերի, պահանջներն ավելի խիստ են: Բնական է եւ ճիշտ: Այդպես էլ պետք է լինի:

-Հիմա, ասենք՝ գյուղացի եմ եւ պարարտանյութ եմ ուզում, կառաջարկե՞ք …. այս նյութը եւ ի՞նչ քանակությամբ:

– Պարարտանյութն ի՞նչ գույնի էր, լուծելիս նստվածք առաջանո՞ւմ էր:

-Սածիլները ե՞րբ եք տեղափոխել ջերմատուն, գնե՞լ եք դրանք…

Սրանք հարցեր են, որ անգամ օրացուցային ճշգրիտ պատասխաններ ունեն ու ստույգ պատասխանները վկայում են երիտասարդների գործնական փորձառության մասին:

Պաշտպանությունների ավարտին, տպավորությունների մասին մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, գ.գ.թ. Վարդան Թոռչյանը, որ մեր բուհի հրաշալի շրջանավարտներից է, նրբանկատորեն ասաց.

-Մագիստրանտները լավն են…

Մնացյալի գլխավոր պատասխանատուներն, անշուշտ, գիտական ղեկավարներն են…