Միջազգային աշխատանքային շաբաթ Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում 2022 թ-ի մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանը կազմակերպել էր միջազգային աշխատանքային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ–ը։

Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․ գ․ թ․ Ամալյա Գալստյանը, հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․ գ․ թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․ գ․ դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ․ գ․ թ․ Արուսյակ Ղարիբյանը, բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Աննա Ալոյանը, ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ. գ. թ. Մերի Մանուչարյանը։

Աշխատաժողովը մեկնարկեց Տուշայի համալսարանի ռեկտոր Ստեֆանո Ուբերտինիի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց համալսարանի պատմությունն ու առաքելությունը, ինչպես նաև համալսարանի միջազգայնացման քաղաքականությունը։

Հետագա օրերի ընթացքում միջազգային կապերի աշխատակիցներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը ներկայացրին Տուշայի համալսարանում կարողությունների զարգացման և համագործակցության էրազմուսյան ծրագրերը։ Այցելության ընթացքում կազմակերպվեցին նաև կլոր սեղաններ, խմբային քննարկումներ, որոնք գլխավորապես միտված էին համալսարանների միջև փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը։ Աշխատանքային շաբաթվա երկրորդ օրը նվիրված էր կապերի ստեղծմանը և կրկնակի աստիճանաշնորհմանը (Double or Joint Degree) վերաբերող հարցերին։ Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան Տուշայի շրջանի պատմությանն ու մշակույթին, այցելեցին համալսարանի բուսաբանական այգի և ուսումնափորձնական տնտեսություն, որտեղ օրվա ավարտին կազմակերպվեց գինեձոն։

Շաբաթը հագեցած էր նաև ճանաչողական ու մշակութային միջոցառումներով։ Մասնավորապես՝ տեղի ունեցան շրջայցեր Վիտերբոյի պատմական կենտրոնում, էտրուսկյան ժամանակաշրջանում հիմնադրված անտիկ քաղաքներ Բանիորեջիոյում և Օրվիետոյում։

Միջազգային շաբաթվա ավարտը նշանավորվեց հրաժեշտի ցերեկույթով և հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում մասնակիցներն իրենց երախտիքի խոսքը հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին։

Կարծում ենք սույն հանդիպումը կարևոր հարթակ էր ինչպես համագործակցության նոր եզրեր, այնպես էլ հետագա համատեղ ծրագրեր ուրվագծելու տեսանկյունից։