Հունվարի 19-ին մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրովի միջնակարգ դպրոցի 11-րդ եւ 12-րդ դասարանների աշակերտներին։
Կարիերայի բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը պատանի թաիրովցիներին նախ ընդունեց Ագրոտեխ ինկուբատորի լսարանում եւ հակիրճ ներկայացրեց ՀԱԱՀ կրթական ծրագրերը, աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ագրարային մասնագիտությունները, ուսումնառության համար ստեղծված լավագույն միջավայրը, արտերկրում ուսումը շարունակելու հնարավորությունները։ Այնուհետեւ աշակերտներին ուղեկցեց Ընդհանուր քիմիայի լաբորատորիա, որտեղ նրանք հետաքրքիր փորձեր դիտեցին, Գարեջրագործության եւ թորման լաբորատորիա, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն եւ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիա։
Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում աշակերտներին ընդունեց դասախոս Գեղամ Նավոյանը, որի հետ հանդիպումից հետո դպրոցականները պատկերացում կազմեցին նշյալ ռեսուրսների պատշաճ կառավարումն ապահովող մասնագիտությունների կարեւորության մասին։ Ագրարային ճարտարագիտության բնագավառի նորագույն մասնագիտություններին նրանք շարունակեցին ծանոթանալ ագրոդրոնների լաբորատորիայում՝ դոցենտ Արտակ Զաքարյանի օգնությամբ։