Հայ-գերմանական գիտության օրվա շրջանակում հունիսի 28-ին Երեւանի պետական համալսարանում կայացած գիտաժողովի մասնակիցները, ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի եւ ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսություն։
Գիտության, հետազոտությունների, տեխնոլոգիաների եւ նորարարությունների ոլորտում գործակցային կապերի ամրապնդման եւ ընդլայնման նպատակ հետապնդող գիտական միջոցառումը, ամփոփելով վերջին տարիներին ծավալված արգասաբեր գործակցությունը, նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի քանի հիմնական ոլորտներ, ներառյալ ճշգրիտ գյուղատնտեսությունը։ Պատահական չէ, որ Ոսկեհատի տնտեսություն այցելությանը մասնակցում էին Ագրարային համալսարանի վերջին տարիների հուսալի գործընկերների՝ Գերմանիայի դաշնության կրթության եւ հետազոտությունների դաշնային նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության, GIZ-ի, IAMO-ի ներկայացուցիչները։
Պարոն Զաքոյանը ջերմորեն ողջունեց Հյուրերին Ոսկեհատի ինտենսիվ այգում, որ հիմնվել է Ֆրուտենիա նախագծի շրջանակում եւ որտեղ մշակման, ոռոգման ու սնուցման նորագույն տեխնոլոգիաներով կեռասի, դեղձի, սալորի եւ ծիրանի ծառերի ավելի քան 30 մշակաձեւեր են աճեցվում՝ գլխավորապես ՀԱԱՀ ուսանողների ուսուցման, փորձարարական-հետազոտական եւ հարեւան համայնքների պտղաբույծ ֆերմերներին լավագույն փորձն ու գործելակերպերը հաղորդելու նպատակով։ Գիտաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան նաեւ տեսնելու հարեւանությամբ գտնվող խաղողի ավանդական եղանակով ոռոգումը։
Իսկ ահա խաղողի այգուց ստացված բերքից արտադրված, այդ թվում՝ համալսարանի «Սերունդ» գինիների համտեսը տեղի ունեցավ Ոսկեհատի տնտեսությունում գտնվող Գինու ուսումնագիտական կենտրոնում։ Տպավորություններն, ըստ մեր հյուրերի, գերազանց են։