Հեռանկարում՝ նաեւ վայրի կենդանիների բուժումը

Մարտի 7-ին «Արդշինբանկի ընթերցասրահում» ռեկտոր Վարդան Ուռուտյանը Անասնաբուժականի ուսանողներին ներկայացրեց հրավիրյալ դասախոս, անասնաբուժական գիտությունների դոկտոր, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանաբույժ, Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ընկերակցության խորհրդական Իման Մեմարյանին:

Ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ դոկտ. Մեմարյանի «Վայրի կենդանիների բժշկագիտության ներածություն» թեմայով դասախոսությունը երկակի նպատակ է հետապնդում՝ ապագա անասնաբույժներին ծանոթացնել Հայաստանում դեռ առաջին քայլերն անող այս շատ հետաքրքիր ու կարեւոր ոլորտին եւ առաջարկել մասնագիտական կարիերայի եւս մեկ հեռանկարային հնարավորություն: Ի դեպ, ուսանողներից ոմանք արդեն հասցրել են լինել ՎԲՄԱՊ հիմնադրամի Ուրցաձորի էկո-կրթական կենտրոնում եւ նույնիսկ վայրի կենդանիների հերձում իրականացրել դոկտ. Մեմարյանի հետ:

Դասախոսությունը հետաքրքիր էր թեմաների եզակիությամբ եւ բանախոսի հսկայական փորձի ու գիտելիքների անսպառ թվացող պաշարով: Նա խոսեց վայրի կենդանիների բուժման պատմությունից, վայրի կենդանիների բժշկագիտության ենթաճյուղերից, գիշատիչների, ընտելացված, վարժեցված եւ այլ խմբերի կենդանիների բուժման առանձնահատկություններից: Հատուկ ադրադարձ եղավ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիներին եւ դրանց բուժմանը, կենդանիների պոպուլյացիաների եւ էկոհամակարգերի առողջության պահպանման խնդիրներին:

Բանախոսը ուսանողներին հրավիրեց Ուրցաձորի էկո-կրթական կենտրոն՝ փորձուսուցման, այնտեղ որոշակի ժամանակ մնալու եւ վայրի կենդանիների բնական միջավայրում համատեղ բուժագործողություններ անելու նպատակով: «Դուք որպես ապագա մասնագետներ պետք է ինքներդ ձեզ եւ Հայաստանի կառավարությանը ցույց տաք ոչ միայն ձեր մասնագիտական պատրաստվածությունը, այլեւ վերացման վտանգի տակ գտնվող վայրի կենդանիների հիվանդությունների կանխարգելման եւ բուժման միջոցով Հայաստանի վտանգված էկոհամակարգերը վերականգնելու ձեր կամքը»,- ասաց դոկտ. Մեմարյանը:

Ի դեպ, այս կենտրոն այցելում են ուսանողներ Եվրոպայից, Աֆրիկայից՝ թեզերի վրա աշխատելու եւ փորձուսուցման համար:

Ռեկտոր Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց դոկտ. Մեմարյանին՝ բովանդակալից դասախոսության եւ երիտասարդ անասնաբույժների համար նշմարվող նոր հեռանկարի ներկայացման համար, տեղեկացնելով նաեւ աշխատանքային կիսամյակի տեսքով փորձուսուցում անցկացնելու հնարավորության մասին:

Եւ վերջին, բայց ոչ անկարեւոր դիտարկումը. հրավիրյալ դասախոսությունն անցկացվեց անգլերենով եւ հավաքված երկուսուկես տասնյակ ուսանողներից միայն մեկն ուներ թարգմանության կարիք: Ընդ որում շատերն անկաշկանդ արտահայտում էին իրենց մտքերը, գրագետ անգլերենով ազատ ձեւակերպում հարցերն ու մեկնաբանությունները: Ֆակուլտետի ուսանողներն, այսպիսով, լուրջ հայտ են ներկայացնում աշխատաշուկայում մրցունակ մասնագետ դառնալու համար՝ սիրում եւ տիրապետում են մասնագիտությանը եւ համընդհանուր լեզվին: