Դեկտեմբերի 11-ից 16-ը ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ճանաչողական-աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Այցի նպատակն է համագործակցության կապեր հաստատել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Արեւելյան Գերմանիայի տեխնոլոգիական եւ կիրառական գիտությունների մի շարք համալսարանների միջեւ։ Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) աջակցությամբ կազմակերպված այցին մասնակցում են Հարավային Կովկասի տարածաշրջանի 10 համալսարանների ներկայացուցիչներ։
Այցը մեկնարկել է դեկտեմբերի 11-ին DAAD-ի բեռլինյան գրասենյակում, որտեղ պատվիրակությունը հանդիպել է Հարակայուն զարգացման Էբերսվալդեի համալսարանի (HNEE) Սոցիոէկոնոմիկայի եւ հաղորդակցության ամբիոնի, Տեխնոլոգիայի եւ նորարարության խորհրդատվական գրասենյակի, միջազգային կապերի գրասենյակի եւ համալսարանի այլ պատասխանատուների հետ։
Դեկտեմբերի 12-ին ճանաչողական հանդիպում-քննարկումները շարունակվել են Բրանդենբուրգի Կոտբուս-Սենֆտենբերգ տեխնոլոգիական համալսարանում, մասնավորապես՝ Միջազգային կապերի գրասենյակում, Տեղեկատվության եւ հաղորդակցության կենտրոնում, ֆակուլտետների դեկանների եւ այլ պատասխանատուների հետ։
Համալսարանների նախագահների, դեկանների, ամբիոնների վարիչների հետ հանդիպումները, ուսումնական լաբորատորիաներ, տարբեր այլ ենթակառույցներ այցելությունները ի հայտ են բերում ապագա համագործակցության հետաքրքիր գաղափարներ, որոնց վերաբերյալ ունեցած ակնկալիքները, դրանց ներուժը քննարկման առարկա են դառնում տեղում։
Այսօր պատվիրակությունը մեկնել է Ցվիկաու, որտեղ հանդիպումներ են նախատեսված Կիրառական գիտությունների արեւմտասաքսոնական համալսարանում։
Բացի ՀԱԱՀ ռեկտորից, հայաստանյան պատվիրակության կազմում են նաեւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոռեկտոր Սարգիս Ասատրյանցը եւ Հայաստանի եւրոպական համալսարանի պրոռեկտոր Վահրամ Սողոմոնյանը։
- 13/12/2023
- 2023