Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, անցնող շաբաթվա ընթացքում կայացան ՈՒԳԸ ֆակուլտետային նիստերն ու յուրաքանչյուրից ընտրված երեքական լավագույններն այսօր՝ հունիս 13-ին, լիագումար նիստում ներկայացրին իրենց աշխատանքների ամփոփումները:
Մեկնարկին գիտաժողովին բեղուն աշխատանք մաղթեց ռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Նա ասաց, որ ՈՒԳԸ աշխատանքները հնարավորություն են տալիս սովորական սովորողից միտք արտադրող անհատ դառնալ: Իսկ միտքը մարդկությանն առաջ մղող հզոր գործոն է. «Պատրաստ եղեք քննադատություն լսելու, բայց չկոտրվելու: Քննադատությունները ձեզ օգնելու են ավելի ուժեղ եւ անսխալական դառնալ», – հորդորեց պարոն Զաքոյանը:
Գիտության գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն էլ հաջող աշխատանք մաղթեց եւ շնորհակալություն հայտնեց բոլորին, որոնք նախապատրաստել են այս կարեւոր իրադարձությունը:
Ներկայացվեց 13 զեկուցում բուհական կրթության բոլոր տարակարգերի սովորողների մասնակցությամբ՝ քոլեջ-բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա: Կային շատ հետաքրքիր կիրառական հետազոտությունների ամփոփումներ: Առողջական անհուսալի վիճակից սկյուռիկին ու մկնիկին կարողացել էին բուժել Արծրունն ու Անահիտը: Արմինեն, Մարիամն ու Լուսինեն դդումի, ջայլամի մսի ապուխտի, կաթնաշոռային պանրի միանգամայն նոր բաղադրատոմսեր էին ստեղծել, անշուշտ գիտական ղեկավարների աչալուրջ-հետեւողական օգնությամբ: Ագրարճարտարագիտականից Գեւորգն էլ Էլեկտրամոբիլի քարշային մարտկոցի հովացման հարցում հստակ դիտարկումներ ներկայացրեց եւ շատ օգտակար խորհուրդներ տվեց: Կային նաեւ պարզապես տեղեկատվական (Կելլին պատմեց օձերի մասին, որ մարդիկ այլեւս նախապաշարված ու վախեցած չլինեն), ռեֆերատիվ բնույթի աշխատանքներ, բայց դրանք էլ իրենց դերն ունեն:
Ժյուրիի անդամ դասախոսները քաջալերում էին երիտասարդներին, իսկ թերությունների դեպքում անչար նկատում. – Երեխեք, ոչինչ, հետագա աշխատանքների համար ենք ասում, որ շտկեք:
Բոլոր մասնակիցներին ռեկտոր Զաքոյանը հավաստագրեր հանձնեց:
Ճեմասրահում ցուցադրություն էր կազմակերպվել եւ մեր սննդի տեխնոլոգների նորարարությունները խանդավառությամբ էին համտեսում բոլորն առանց բացառության: