Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ռեկտոր Վարդան Ոռուտյանն ընդունեց Ռումինիայի գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարության պետական քարտուղար Դրագոշ Կոստին Տելեհուզին եւ նախարարության խորհրդականներ Դիանա Պավելեսկուին ու Ժորժետա Մուշատին՝ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի ուղեկցությամբ։ Հանդիմպմանը մասնակցում էր ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը։
Ռումինական պատվիրակության այցի հիմնական նպատակը գինեգործության զարգացման հաջողված փորձի ուսումնասիրությունն էր։ Մինչ Ագրարային համալսարան այցելելը ռումինացի գործընկերները եղել են Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամում, ինչպես նաեւ հանդիպել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ։
Ռեկտոր Ուռուտյանը հյուրերին ներկայացրեց համալսարանը, միջազգային համագործակցության ուղղությունները, ռումինական համալսարանների հետ գործակցությունը եւ ագրոտեխնոլոգիական համալսարան դառնալու տեսլականը, որը ուղենիշ է համալսարանի ամբողջ համակարգի համար՝ վարժարանից մինչեւ ասպիրանտուրա։ Խոսեց գիտական ստորաբաժանումների, ուսումնափորձարարական տնտեսությունների գործունեության մասին։ Անշուշտ, խոսվեց 2014-ին ռեկտոր Ուռուտյանի համահիմնադրությամբ ստեղծված Գինու ակադեմիայի մասին, որին, Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի հետ միասին, վճռական դեր էր վերապահված Հայաստանում գինու արդյունաբերության այսօրվա վերածննդի գործում։
Քննարկվեցին երկու երկրներում գինեգործությանը եւ գյուղատնտեսության մյուս ճյուղերին, ինչպես նաեւ ագրարային կրթության զարգացման ներկա վիճակին առնչվող հարցեր։ Պարոն Կոստին Տելեհուզը, մասնավորապես, անդրադարձավ Ռումինիայում գործող գյուղատնտեսական, այդ թվում գյուղմեքենայացման ուղղությամբ մասնագիտացած ավագ դպրոցների փորձին, որը մեզ համար շատ հետաքրքիր է՝ հաշվի առնելով ագրոդասարաններ ստեղծելու համալսարանի մտադրությունը։
Հանդիպումն ավարտվեց հուշանվերների եւ գինիների փոխանակմամբ, ավանդական լուսանկարով, համալսարանի մի քանի նորարարական լաբորատորիաներում շրջայցով եւ, իհարկե, գործակցության հետագա հնարավորությունների իրացման վստահությամբ։