Այսօր՝ հունվարի 30-ին կայացավ Գիտխորհրդի այս տարվա առաջին նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Ռեկտորը հանդես եկավ ՀԱԱՀ 2022 թ․ գործունեության հաշվետվությամբ։ Այն բովանդակում էր կրթական ծրագրերի վերափոխմանը, արդի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծմանը, դասախոսական կազմի կարողությունների զարգացմանը, աշխատանքային կիսամյակին, ստարտափ էկոհամակարգի զարգացմանը եւ գիտության առեւտրայնացմանն առնչվող հարցեր։
Գործունեության բոլոր հիմնական ուղղություններով ակնհայտ է առաջընթացը, որն արձանագրվել է ՀԱԱՀ տարբեր կրթական ծրագրերով ավելի քան 5000 ուսումնառողների համար արդիական կրթություն ստանալու համար անընդհատ բարելավվող պայմաններում։ Լուրջ հաջողություն էր 3-րդ եւ 4-րդ կուրսերի 177 ուսանողի համար կազմակերպված աշխատանքային կիսամյակը։ Ըստ անցկացված հարցման՝ նրանց 90 տոկոսն այն արդյունավետ է համարում։ Աննախադեպ մեծ է վերապատրաստված դասախոսների եւ կարճաժամկետ ծրագրերով վերապատրաստված արտաքին շահակիցների թիվը։ Վերջինների շուրջ 60 տոկոսը կամ նոր աշխատանք է գտել կամ բարելավել իր աշխատանքային կարգավիճակը։ Համալսարանը վերապատրաստել է 20 հավաստագրողների եւ փորձորոշողների, որոնք առաջին անգամ մեր երկրում կիրականացնեն պտղահատապտղատու մշակաբույսերի մայրուտների եւ տնկարանների որակական գնահատումներ։
Ռեկտոր Ուռուտյանն այնուհետեւ նշեց, որ պետբյուջեից գիտական գործունեության բազային ֆինանսավորման գումարն ավելացել է 53 տոկոսով։ Շարունակվել է գիտական հրապարակումների ակտիվացումը․ հրապարակված գիտական աշխատանքների թիվն ավելացել է 46․3, արտերկրում հրապարակվածներինը՝ 28․3 տոկոսով։ Ուրախալի է, որ բարձր ազդեցության գործոն ունեցող պարբերականներում հրապարակված աշխատանքների թիվը նույնպես զգալիորեն ավելացել է։ Ընթացքի մեջ են Էրազմուս+ ծրագրի շրջանակում մի շարք մասշտաբային միջազգային նախագծեր։ ՀԱԱՀ-ն իրականացրել է աննախադեպ միջազգային շարժունություն՝ 79 աշխատակիցներ վերապատրաստվել կամ դասախոսել են եվրոպական 28 համալսարաններում։ Այս առումով ռեկտոր Ուռուտյանը եւս մեկ անգամ բարձրացրեց անգլերենի եւ այլ օտար լեզուների իմացության բարելավման կարեւոր խնդիրը։
Մեկնարկել են նորարարական բազմաթիվ նոր ենթակառույցներ, այդ թվում՝ մարզային մասնաճյուղերում։ Ընդհանուր առմամբ, 4 տարում ստեղծվել է ավելի քան 50 արդիական ենթակառույց, որոնք էականորեն փոխել են համալսարանի ուսումնահետազոտական միջավայրը, ներուժը եւ գրավչությունը։ Առաջիկայում բացվելու են մի շարք նորերը։ Գյուղատնտեսության ագրոտեխնոլոգիական ապագան այլընտրանք չունի, այս առումով համալսարանը ներդաշնակ ընթացքի մեջ է։
Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում տարվա ընթացքում համալսարանում շրջայցեր են կազմակերպվել մարզերի 55 դպրոցների ավելի քան 1750 աշակերտների համար։ Համալսարանին ծանոթանալու հնարավորություն են ունեցել նաեւ Արմաթ լաբորատորիաների եւ Իրական դպրոցի հարյուրավոր աշակերտներ, որոնք մասնակցել են այստեղ կազմակերպված ճշգրիտ գյուղատնտեսության եւ թվային անվտանգության մրցույթի եզրափակիչ փուլին։ Ռեկտորը շեշտեց նաեւ մարզերում բացվելիք ագրոդասարանների կարեւորությունը՝ դրանցից պոտենցիալ դիմորդների ակնկալվող հոսքի առումով։ Անհրաժեշտ համարեց ֆակուլտետներում շարունակաբար մեծացնել ուսումնառության միջավայրի գրավչությունը։
Օրակարգում էր նաեւ ՀԱԱՀ գիտական ստորաբաժանումներից 3-ի՝ 2022 թ-ին կատարած աշխատանքների հաշվետվությունների քննարկումը, ինչպես նաեւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչի՝ շրջանավարտների եւ ուսանողների զբաղվածության վերլուծությանն ու խնդիրներին նվիրված զեկուցումը, որոնց կանդրադառնանք հաջորդիվ։