Ավարտական արարողություն տեղի չունեցավ․ ԱՈՒԿ-ի շրջանավարտները կսպասեն իրենց հնարավորությանը

Ավարտական համալիր երկու քննությունները հանձնելուց հետո Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներն արդեն շրջանավարտներ են։ Իսկ ԱՈՒԿ-ի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանողները պաշտպանեցին ավարտական թեզերը։ Շրջանավարտների պատվին ամեն տարի անցկացվող ավարտական արարողությունը, սակայն, այս տարի տեղի չունեցավ հասկանալի պատճառներով։

Աշխատանքով, նվաճումներով, արկածներով լեցուն ուսանողական տարիների ընթացքում ձեռք բերածը բակալավրիատի ուսանողները պատրաստվում էին տոնել դասախոսների, համալսարանի ղեկավարության, ծնողների ու հյուրերի հետ, սակայն ՔՈՎԻԴ-19- փոխել էր ոչ միայն ավարտական քննությունների ձեւաչափը, այլեւ զրկել այդ գեղեցիկ տոնից։ Իսկ բազմապիսի ավարտական լուսանկարները նրանք փոխարինեցին իրենց հին լուսանկարներով՝ միայն համակարգչի օգնությամբ նրանց «հագցնելով» ավարտական գլխարկներ ու թիկնոցներ։

«Ավարտական արարողության բացակայությունն, անշուշտ, փոքր-ինչ տխուր է, բայց մենք հույս ունենք, որ համավարակը շուտով կնահանջի, եւ մենք հնարավորություն կունենանք միմյանց տեսնելու, գրկախառնվելու, միմյանց շնորհավորանքի ու կարոտի սրտառուչ խոսքեր ասելու եւ, ի վերջո, տոնելու», – ասում է ԱՈՒԿ-ի բակալավրիատի շրջանավարտ Մարիամ Գրիգորյանը։ Ի դեպ, Մարիամը, ՀԱԱՀ-ի Ագրոտեխնոգիաների ինկուբատորի կազմակերպած ստարտափերի առաջին մրցույթի հաղթողներից է եւ այս ամառ իր TreeCone ստարտափ գաղափարը պետք է ներկայացներ Իտալիայում․․․

ԱՈՒԿ-ի բակալավրիատի 20 նորավարտ երիտասարդներ ոտք են դնում մասնագիտական աշխարհ։ Ինչպես ԱՈՒԿ-ի բոլոր տարիների բոլոր շրջանավարտները, նրանք նույնպես իրենց արժանի տեղը կգտնեն ագրոբիզնեսի եւ հարակից ոլորտների երիտասարդ առաջնորդների շարքում։ Նրանցից ոմանք պլանավորում են ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Նրանք գիտեն, որ որեւէ ընտրության պարագայում թե համալսարանը, եւ թե ICARE հիմնադրամը պատրաստ են աջակցել հետագա խորհրդատվությամբ։

ԱՈՒԿ-ի մագիստրոսական թեզերը սովորաբար իրենցից ներկայացնում են կամ բիզնես պլաններ կամ հետազոտական աշխատանքներ՝ կախված ուսանողների նախընտրություններից եւ ապագայի նրանց պլաններից։ Ամեն դեպքում, նրանց հետաքրքիր, երբեմն ասպասելի, բայց միշտ իրատեսական գաղափարները տնտեսության մեջ ներդրվելու եւ լուրջ արդյունքներ ստեղծելու ներուժ ունեն։

Բարի ճանապարհ։