Հողային կադաստրի ուսանողները փայլուն պաշտպանեցին ավարտաճառերը

Այսօր՝ ապրիլի 13-ին, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի հողային կադաստր մասնագիտության հինգերորդ եւ չորրորդ կուրսերի ուսանողները պաշտպանեցին ավարտական աշխատանքները: Այս համընկնելու պատճառը կրթական ծրագրերի տարբերություններն են, որոնք այսուհետ այլեւս չեն լինի:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ Կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Լարիսա Մանուկյանն է: Մինչ նիստը սկսելը ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Արման Սիմոնյանը ուսանողներին տեղեկացրեց, որ ավարտաճառերի պաշտպանության ողջ ընթացքը տեսագրվելու է, եւ գնահատականից դժգոհ լինելու դեպքում կարող են բողոքարկել:

Սակայն լսարանում մթնոլորտը խիստ բարյացակամ եւ նույնքան էլ աշխատանքային էր: Հանձնաժողովի նախագահը հարցեր տալիս էր ավելի շատ օգնելու, սկսնակ մասնագետների հետ խնդիրներն ավելի խորությամբ լուսաբանելու, քննարկելու նպատակով:

Ուսանողները գիտական ղեկավարների հետ բարեխղճորեն էին աշխատել, բայց արվածը հատկապես փայլուն ներկայացրին աղջիկները (խտրականություն չհամարեք):

Ի դեպ, պաշտպանությունից հետո նույն կարծիքը հայտեց նաեւ նախագահը՝ տիկին Մանուկյանը.

-Շատ լավ տպավորություն ստացա, սակայն ցանկալի է, որ ուսանողների խոսքն ավելի անկաշկանդ լինի, առանց լարվածության, ավելի աշխատանքային, գործընկերային տրամադրությամբ:

Չորրորդ կուրսեցիներ Գոհար Գրիգորյանն ու Տիգրան Վիրաբյանը մագիստրատուրայի կրթությունը կշարունակեն Գերմանիայում՝ ագրարմենեջմենթ մասնագիտացմամբ: Իսկ մյուս լավագույնները, համոզված ենք, մագիստրոսական կրթություն կստանան հարազատ բուհում: Հաջող ուսումնառություն մաղթենք երիտասարդներին: