Աշխատանքային խումբը կաշխատի հողային ագրարային տեղեկատվական համակարգի ձեւավորման ուղղությամբ

Երեկվանից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ․ Պետրոսյանի անվան hողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնը հյուրընկալում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության  (ՊԳԿ) կենտրոնակայանի հողային եւ ջրային ռեսուրսների բաժնի խորհրդական, Մոսկվայի Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի Հողագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլեգ Գոլոզուբովին։

Փորձագետի հիմնական խնդիրը Հայաստանում հողային ագրարային տեղեկատվական համակարգի ձեւավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումն ու հետագա աշխատանքների նախանշումն են։ Ազգային մակարդակում նման համակարգերի ստեղծումը ՊԳԿ-ի Հողագիտության գործընկերության՝ Լոմոնոսովի համալսարանում գործող եվրասիական բաժամունքի եւ դրա հիման վրա ստեղծված Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնի ռազմավարական խնդիրներից է։

Ըստ Օլեգ Գոլոզուբովի, հողային ագրարային տեղեկատվական համակարգերի նպատակը պետք է լինի տեղեկությունների ստացումը, մշակումը եւ պահպանումը՝ պարենային անվտանգության, բնակչության պաշտպանության, գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման եւ հարակից նպատակներով։ «Հենց այս խնդիրներն են որոշարկված Հողերի համաշխարհային խարտիայում, որը ստորագրել է նաեւ Հայաստանը՝ 2015 թ․։ Այդպիսի տեղեկատվական համակարգերի ստեղծման փորձ արդեն ունենք․ Մոլդովայում այն գործում է, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում համակարգի ստեղծումը ավարտական փուլում է։ Հայաստանում աշխատանքային խումբը բաղկացած է լինելու, անշուշտ, գլխավորապես ձեր գիտական կենտրոնի հողագետներից, բայց նաեւ կհամալրվի տնտեսագետներով, այլ մասնագետներով, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներից», – ասաց պարոն Գոլոզուբովը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպչական հարցերում ծրագրին մեծապես օգնող՝ ՀԱԱՀ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանին։ Ի դեպ, պարոն Մելոյանն օրերս ստացել է Հայաստանի համապատասխան մասնագիտական կառույցների եւ Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնի միջեւ կապերի հանրային համակարգողի հավաստագիր։

Հողային ագրարային տեղեկատվական ազգային համակարգերի ստեղծման գործում նախեւառաջ հետխորհրդային երկրների վրա հիմնվելու՝ ՊԳԿ-ի քաղաքականությունը պարոն Գոլոզուբովը բացատրում է այն հանգամանքով, որ Խորհրդային Միությունը ժամանակին ունեցել է աշխարհում ամենազարգացած հողագիտությունը։ «Եւ այն ամենն, ինչ մնացել է Խորհրդային Միությունից, այն է՝ հողային հետազոտությունների նյութերը, աշխարհում չունեն նմանակը։ Պատահական չէ, որ ՊԳԿ-ի՝ համաշխարհային պարենային անվտանգությանը նվիրված վերջին լիագումար նիստը, որտեղ հենց հանդես եկա զեկուցումով, որոշում կայացրեց խորհրդային ժամանակաշրջանի արխիվային տվյալները թվայնացնել եւ այդ տվյալներով աշխատելու վերաբերյալ անցկացնել համապատասխան ուսուցում-վերապատրաստում, քանի որ այդ տվյալները տալիս են հողածածկույթի վերաբերյալ առավել օբյեկտիվ պատկերը», – նշեց Օլեգ Գոլոզուբովը։

Ի դեպ, արխիվային տվյալների մասին, եւ ոչ միայն, խոսակցությունը շարունակվեց  Հ․ Պետրոսյանի անվան hողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնի նորաստեղծ թանգարանում, որի բացումը տեղի կունենա շուտով։