Աշխատանքային կիսամյակ. հաջողությունները նվիրում է հոր հիշատակին

Նարեկ Չոլոյանը Արմավիրի մարզի Տանձուտ գյուղից է: Դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալու ոչ մի մղում չուներ: Գոհանում էր ընտանեկան ագարակում աշխատել-արարելու հնարավորությամբ: Հայրը ստիպեց, ասաց, որ տնտեսությունը գրագետ-խելամիտ վարելու համար գիտելիք-ամուր հենք է պետք:

-Ընդունվեցի Ագրարայինի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետ: Հիմա գիտեմ, որ սա միակ ճիշտ ճանապարհն է եւ այլ բան չեմ էլ կարող պատկերացնել: Երախտապարտ եմ հորս, որ ցույց տվեց անսխալ ուղին: Նրա երկրային կյանքն ավարտվել է, բայց հիմա բոլոր հաջողություններս նվիրում եմ հորս հիշատակին:

Իսկ հաջողություններ կան: Նարեկն ու նրա համակուրսեցի Ալբերտ Մովսիսյանը փորձուսուցումն անցան «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» վարկային՝ հիմնականում գյուղատնտեսական, կազմակերպությունում: Այստեղ նրանց սիրով ու գործնական պատրաստակամությամբ ընդունեցին: Սեպտեմբերի 1-ից ձեւակերպված էին արդեն որպես փորձնակներ, դեկտեմբերի 1-ից՝ վարկային մասնագետներ:

Նարեկը համոզված է, որ աշխատանքային կիսամյակը եւս այն կարեւոր նորամուծություններից է, որով Ագրարայինը շահեկանորեն տարբերվում է այլ բուհերից: Սակայն մեկ առաջարկ այնուամենայնիվ ունի. նա կարծում է, որ երրորդ կուրսի երկրորդ կիսամյակից արդեն կարելի է շաբաթը մեկ-երկու օրով փորձուսուցման շրջան անցնել:

-Մնացած ամեն ինչը հրաշալի է,- անդադար կրկնում է երիտասարդն ու հրաշալի տրամադրությունն ակամա լիաբուռ փոխանցում ներկաներին: