Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի եւ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի 2023-2024 ուստարվա շրջանավարտների մասնագիտական կարիերայի մեկնարկը տրվեց օրերս՝ Զաբել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ԶԵԱԿ)։
Շրջանավարտներին ջերմորեն ողջունեցին եւ շնորհավորեցին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը, Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը, Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային համալսարանի մեծ բարեկամ, բարերար Ջուդիթ Սարյանը, ԱՈՒԿ-ի դասախոս Աստղինե Պասոյանը, ավարտական կուրսերը ներկայացնող ուսանողները, առցանց՝ Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ICARE հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԱՈՒԿ-ի երախտավոր Ջոն Նիքըլսը, Գայզենհայմի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Գինու ակադեմիայի երախտավոր Յոն Հանֆը, տարբեր տարիների շրջանավարտներ Հայաստանից, Վրաստանից, այլ երկրներից։
Իր ողջույնի խոսքում պարոն Զաքոյանը շրջանավարտներին դիմեց որպես միջազգային որակի կրթություն ստացած, հայ երիտասարդության առաջապահ, հայրենիքը հզորացնելու կարողություն ու կամք ունեցող, Զաբել Եսայանի երազած սերնդի վառ ներկայացուցիչների ու գործընկերների։ Նա ջերմորեն շնորհավորեց եւ գործընկերության համար շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին, դասախոսներին եւ միջազգային ու հայաստանյան կառույցներին ու անհատներին, որոնք հնարավոր են դարձրել շրջանավարտների այսօրվա հաջողությունը։
Այս տարվա հանդիսությունն առանձնացավ ԱՈՒԿ-ի եւ Գինու ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտ կուրսերի՝ ներառյալ Վրաստանի Հանրապետությունից ներկայացուցիչների վերահավաքով, որ վերջին մի քանի տարիներին ընդհատված գեղեցիկ ավանդույթի վերահաստատումն էր։
Բարի երթ միջազգայնորեն մրցունակ կրթական երկու ծրագրերի շրջանավարտներին։