AFISHE. Եւս մեկ աղյուս դրվեց որակյալ կրթության պատին

Այն մտքին, որ ներկա «մասնագիտական կյանքի» անբաժանելի մասն է դառնում ցկյանս կրթությունը, ոչ ոք չի առարկում, սակայն միշտ չէ, որ կա ակտիվ ցանկություն կամ ստեղծվում է հնարավորություն դրա մասնակիցը դառնալու:

Որակյալ կրթություն ապահովելու համատեքստում անգնահատելի են մեթոդաբանական հարցերը, ավելի պարզ լեզվով` այնքան կարեւոր չէ, թե ինչ ես ասում, որքան՝ թե ինչպես ես ասում:  AFISHE («Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինիայում․ կրթությունից դեպի էկոլոգիա») նախագծի պարագայում գնահատվում են երկուսն էլ․ պետք է ասելիքը լինի ձկնաբուծության եւ ակվակուլտուրայի զարգացման տրամաբանության մեջ եւ պետք է մատուցվի ճիշտ ու արդյունավետ գործիքակազմով:

Վերը շարադրված տրամաբանության մեջ սույն թվականի հոկտեմբերի 7-ից 11-ը «Ձկնային տնտեսություն» մագիստրոսական ծրագրի շրջանակում դասավանդող դասախոսների համար կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց` «Սովորում ենք ուսուցանել. ինտերակտիվ դասավանդման ձեռնարկ» խորագրով: Վերապատրաստումը կազմակեպվել էր AFISHE Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի աջակցությամբ։

Դասընթացը նպատակ ուներ ներկայացնել  ուսանողակենտրոն, ինտերակտիվ եւ փորձուսուցման վրա հիմնված դասավանդման մեթոդները եւ գործիքները:  Դասընթացին մասնակցում էին ավելի քան 20 աշխատակիցներ ինչպես ՀԱԱՀ-ից, այնպես էլ ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնից, Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնից:

Դասավանդման երկարամյա փորձ ունեցող Լիլիթ Բեքարյանի մասնագիտական ​​հետաքրքրությունները ներառում են դասավանդման մեթոդիկան, էլեկտրոնային ուսուցումը, մեդիա ուսումնասիրությունները, ուսուցման մեջ արհեստական ​​բանականության դերը եւ այլն:

Դասընթացը իրականացվեց հետեւյալ հինգ մոդուլներով.

  • Դասավանդման ժամանակակից մեթոդներ,
  • Գնահատման սկզբունքներ,
  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ,
  • Ստեղծարար մտածողության խթանում,
  • Բովանդակության ինտերակտիվ ներկայացում:

Հատկապես տպավորիչ էին հետեւյալ խորհուրդները.

  1. Տվեք ուսանողին մտածելու/ստեղծագործելու/ինքնուրույնությունը արտահայտելու հնարավորություն։
  2. Մշակեք իրագործելի/կյանքից վերցրած վերլուծական առաջադրանքներ։
  3. Խրախուսեք, որ ուսանողը չվախենա սխալվելուց/ինչ-որ բան չիմանալու զգացողությունից/հարցեր տալուց։

Ստեղծարար մտածողության խթանման համար խորհուրդ տրվեց կիրառել հարցեր տալը, երեւակայելը, վերջից սկիզբ գալը, խնդրին մի քանի լուծում առաջարկելը, ֆիզիկական միջավայրի  փոփոխությունը, սխալվելուց չվախենալը, դերերի փոփոխությունը, պարզունակ խնդիրներից սկսելը/պարզից դեպի բարդ ընթանալը եւ այլն:

Վերապատրաստման հաջողության հիմնական գործոններից էին մասնակիցների կայացվածությունը, պրոֆեսիոնալիզմը եւ «նորը» վերցնելու ցանկության առկայությունը, մյուս կողմից` վերապատրաստողի պատրաստակամությունը եւ լսելու ունակությունը:

Ի թիվս «դասական» ուսանողակենտրոն մեթոդների քննարկումից, վեր հանվեցին նաեւ բազաթիվ հարցեր, որոնց առերեսվում են ժամանակակից ուսանողները, կրթության կառավարիչներն ու դասախոսները եւ վերաբերում են կրթության ոլորտում արհեստական բանականության «թույլատրելի» եւ «անթույլատրելի» խիստ զգայուն հարցերին։ Մասնակիցների միջեւ ծագած բուռն քննարկումը մեկ անգամ եւս փաստեց, որ այդ ոլորտում կան բազմաթիվ բացեր եւ դեռ հստակ որոշված չէ այն նուրբ սահմանը, որտեղով պետք է սահմանազատվի արհեստական բանականության կիրառման մակարդակը եւ աստիճանը։

Վերապատրաստումն ինտերակտիվ էր մինչեւ վերջին պահը` անգամ հավաստագրերի հանձնումն իրականացվեց շատ օրիգինալ ու տպավորիչ: Յուրաքանչյուր վերապատրաստվող ստացավ խմբի մեկ այլ անդամի հավաստագիր եւ նա պետք է նկարագրեր այն մարդուն, որի  անունը գրված էր  հավաստագրում, իսկ մյուսները պետք է  կռահեին, թե ում մասին է խոսքը:

Իհարկե, դրանով ոչ թե ավարտվեց գործընթացը, այլ սկսվեց` յուրաքանչյուր վերապատրաստվող պետք է փորձարկի, հարմարեցնի եւ տեղայնացնի ուսուցանելու ինտերակտիվ գործիքակազմը, որը կլինի որակյալ մասնագետներ պատրաստելու երաշխիք:

Հավելենք, որ AFISHE-ի շրջանակում այս տարի աշխատակիցներն արդեն վերապատրաստվել էին իրենց դասավանդման մոդուլների ուղղությամբ։