Սեպտեմբերի 12-ին Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում տեղի ունեցավ մանկական ֆունկցիոնալ սննդի վերաբերյալ գիտաժողով, որին ներկա էր նաեւ ԱՄՆ մանկական ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հիմնադիր-նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Դանիկ Մարտիրոսյանը, նույն կենտրոնի աշխատակից Բելլա Բաբայանը, որն այս ուսումնական տարվանից աշխատում է նաեւ ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնում: Գիտաժողովը կազմակերպվել էր հենց նրա եւ ՀԱԱՀ դասախոս, գ.գ.թ., դոցենտ Գագիկ Սանթրոսյանի անմիջական ջանքերով եւ նպատակ ուներ ներկայացնելու ՀԱԱՀ գիտաշխատողների, դասախոսների, ասպիրանտների, ինչու չէ նաեւ մագիստրոսների եւ ուսանողների՝ մանկական ֆունկցիոնալ սննդի ուղղությամբ կատարած գիտահետազոտական ու լաբորատոր-փորձարարական աշխատանքները, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Ագրարայինի եւ ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հետ:
Կենտրոնի նախագահ Դանիկ Մատիրոսյանն իր ելույթում նշեց, որ Ագրարային համալասարանի հետ համագործակցությունն սկսվել է դեռ մի քանի տարի առաջ, երբ ինքն այցելել է բուհ, ծանոթացել Ագրարայինի լաբորատոր հնարավորություններին եւ հաճելիորեն զարմացել. «Անկեղծ ասած, այն ժամանակ բնավ չէի պատկերացնում, որ այս համալսարանը մանկական ֆունկցիոնալ սննդի, առհասարակ՝ սննդագիտության ոլորտում նման հզոր ռեսուրսներ ունի՝ թե լաբորատոր-տեխնիկական, թե՛ մարդկային-գիտական առումով»,- նշեց պարոն Մարտիրոսյանը՝ ներկայացնելով ՀԱԱՀ-ի՝ ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հետ համագործակցության արդեն հաջողված փորձը:
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոսներն ու գիտաշխատողներն էլ ներկայացրեցին վերջին շրջանում մանկական ֆունկցիոնալ սննդի ուղղությամբ իրենց կատարած ուսումնասիրությունների, լաբորատոր-կլինիկական հետազոտությունների արդյունքները, դրանց հիման վրա տարբեր հավելումներով, պտուղ-հատապտուղներով հարստացված կոնկրետ արտադրատեսակները, որոնք օգտագործվում են նաեւ որպես պրոբիոտիկներ:
«Ագրարային համալսարանը Հայաստանի Հանրապետության այն եզակի կառույցներից է, որը մեծ ներուժ ունի մանկական ֆունկցիոնալ սննդի արտադրության ոլորտի զարգացմանը նպաստելու համար»,- գիտաժողովին ներկայացված զեկուցումներն ունկնդրելուց հետո ընդգծեց պարոն Մարտիրոսյանը՝ ուղենշելով ՀԱԱՀ-ի եւ ԱՄՆ ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հետ համագործակցության նոր հեռանկարներ, ներառյալ աշխատանքների հանրայնացումը միջազգային հեղինակավոր պարբերականներում:
Հանդիպման վերջում Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան, տեխ․ գիտ․ դոկտոր Սմբատ Դավեյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի կազմակերպիչներին եւ մասնակիցներին՝ հայտարարելով, որ այս տարվա հոկտեմբերի 3-5-ը Հայ-ռուսական համալսարանում դարձյալ այս թեմայով տեղի է ունենալու գիտաժողով, եւ մասնակցել ցանկացողները պետք է նախապես լրացնեն մասնակցության հայտադիմում: