Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։
Ջերմորեն ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիդ՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի եւ, օրացուցային մեկ օրվա տարբերությամբ, Գիտելիքի եւ դպրության տոնի առթիվ։
Առանձնահատուկ ջերմությամբ ողջունում եմ առաջին կուրս ընդունված սիրելի ուսանողների մուտքը Ագրարային համալսարան։ Այստեղ ձեզ համար ստեղծված են բոլոր պայմաններն ու նախադրյալները՝ բարձր որակավորմամբ մասնագետ դառնալու համար, ներառյալ արդիական նորարարական լաբորատորիաները, ուսումնափորձարարական տնտեսությունները եւ, որ շատ կարեւոր է՝ ուսանողին ըստ ամենայնի օգնելու-օժանդակելու պատրաստակամությունը․ խոսքը մասնագիտական օժանդակության մասին է, որի նպատակը ձեզ համայքների ու երկրի տնտեսության համար մրցունակ մասնագետներ դարձնելն է։
Գոհունակությամբ եմ արձանագրում եւ մեր ուսանողներին, ծնողներին ու հանրությանը տեղեկացնում, որ բոլոր կրթական ծրագրերով այս տարի համալսարան ընդունված ուսանողների թիվը 25 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ, ընդ որում առկա համակարգում աճը կազմում է 65 տոկոս։ Հատկապես ուրախալի է Սիսիանի մասնաճյուղ ընդունված ուսանողների թվի էական աճը՝ 41 տոկոս (120 ուսանող)։ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ընդունելության ցուցանիշները նույնպես շատ տպավորիչ են՝ 38 տոկոսով ավելի ուսանող, քան անցյալ տարի։ ՀԱԱՀ կազմում գործող բոլոր քոլեջներ ընդունվածների թիվը աճել է միջինը 30 տոկոսով։ Բոլոր նախադրյալները կան նաեւ հեռակա ուսուցման համակարգի ընդունելության ցուցանիշների էական բարելավման համար․ այստեղ ընդունելության գործընթացը շարունակվում է։
Բարի գալուստ Ագրարային համալսարան եւ բարի երթ բոլոր ուսանողներին։