ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի տնօրինությունը միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ անցած շաբաթվա ընթացքում հանդիպումներ ունեցան քոլեջի՝ դուալ կրթական ծրագրով սովորող առաջինկուրսեցիների ծնողների հետ: Հիմնական նապատակն էր՝ ներկայացնել դուալ կրթական ծրագրի առանձնահատկություններն ու առավելությունները, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ծնողների հետ համագործակցությամբ բացահայտել առկա խնդիրներն ու հասկանալ դրանց լուծման հնարավոր տարբերակները;
Թեւ աշխարհում դուալ կրթական ծրագրի ձևաչափն արդեն 50 տարեկան է, Հայաստանում այն նոր-նոր է ձևավորվում: Առաջամարտիկների շարքում Ագրարային համալսարանն է, որը չորս տարի առաջ մշակեց եւ քոլեջում ներդրեց «Գինեգործություն (խաղողագործություն) եւ էնելոգիա» մասնագիտությամբ առաջին դուալ կրթական ծրագիրը՝ հնարավորություն տալով միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողին քոլեջում տեսական դասերին զուգահեռ հմտանալ եւ գործնական կարողություններ զարգացնել գործատուների մոտ՝ հաճախ դառնալով նրանց աշխատակիցներից մեկն ու սովորելուն զուգահեռ աշխատել ապագա մասնագիտությամբ: Հիմա արդեն «Խաղողագործություն, գինեգործություն եւ խմորման արտադրության տեխնելոգիա» մասնագիտությունից զատ քոլեջում ներդրված է դուալ կրթական եւս վեց ծրագիր հետեւյալ մասնագիտությունների գծով՝ «Ագրոնոմիա», «Ջերմատնային տնտեսություն», «Մսի եւ մսամթերքի տեխնոլոգիա, «Կաթի եւ կաթնամթերքի տեխոլոգիա, «Պահածոների եւ սննդախտանյութերի տեխնոլոգիա», «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում եւ շահագործում»:
«Մեզ համար եւս այս ամենը նորություն է, դուալ կրթական ծրագրերը մշակելիս մենք ուսումնասիրել ենք լավագույն միջազգային փորձը, փորձել այն տեղայնացնել»,-ասաց պրոռեկտոր Մովսիսյանը՝ նշելով, որ հնարավոր են որոշ բացթողումներ, թերություններ, որոնք ծնողների հետ միասին փորձելու են հասկանալ եւ լրացնել՝ անընդհատ կատարելով բարեփոխումներ:
Դուալ կրթական ծրագրով ուսանելիս՝ քոլեջի առաջին կուրսում ուսանողը շարունակում է հանրակրթական ուսուցման ծրագիրը, երկրորդ կուրսի առաջին կիսամյակում սկսում ծանոթանալ ընտրած մասնագիտությանը, գործատուների մոտ, գործարաններում աշխատելու կանոնակարգին, անվտանգության նորմերին, իսկ երկրորդ կիսամյակից արդեն քոլեջի տեսական դասերին զուգահեռ՝ մասնագիտական հմտություններ ստանում արտադրությունում:
«Ուսանողի տեսական գիտելիքները գնահատում է քոլեջը, գործնականը՝ գործատուն: Եթե գործատուն նշանակում է անբավարար կամ ուսանողի վարքից ելնելով՝ չի ցանկանում նրան թողնել գործարանում, ուսանողը դուրս է մնում քոլեջից»,- ասաց քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ հորդորելով ծնողներին ուշադիր եւ հետեւողական լինել իրենց երեխաների հաճախելիության ու վարքագծի հարում, գործատուի մոտ առաջացած խնդիրների դեպքում ահազանգել քոլեջի ղեկավարությանը:
«Հնարավոր է լինեն գործատուներ, որ կասեն՝ դուք մի՛ եկեք, մենք ձեր գնահատականը կնշանակենք, – նկատեց Մարիամ Մովսիսյանը.- գուցե առաջին հայացքից սա ուսանողի համար «շատ լավ» տարբերակ է, սակայն մեզ համար ընդունելի չէ, եւ եթե նկատեք նման բան, խնդրում ենք մեզ իրազեկել, մենք կփոխենք գործատուին, որովհետև մեզ համար կարևորը ուսանողի կրթության որակն է ու լավ մասնագետ պատրաստելը»:
Քոլեջի տնօրենն էլ կարևոր համարեց, որ ուսանողները գործարաններում խստորեն հետևեն այնտեղի աշխատանքային նորմերին, կարգուկանոնին, որովհետև շատ դեպքերում գործ ունեն արժեքավոր տեխնոլոգիաների հետ: Մուտք գործելով տվյալ գործարան՝ նրանք պարտավոր են գործել ըստ գործատուի հրահանգների, պահպանել նաեւ տեխնոլոգիական-մասնագիտական գաղտնիքները:
«Այնուամենայնիվ, դուալ կրթության գրավիչ կողմերն ու առավելություններն անհամեմատ ավելի շատ են»,- նկատեց տիկին Մովսիսյանը՝ թվարկելով. ուսանող լինելով՝ նրանք արդեն լինում են աշխատանքային միջավայրում, զարգացնում ոչ միայն մասնագիտական, այլեւ փափուկ հմտություններ, ավելի լավ պատկերացնում գործատուի պահանջները, աշխատանքային համագործակցությունն ու թիմային ախատանքը եւ քոլեջն ավարտում աշխատանքային փորձով ու շատ դեպքերում նաեւ՝ մրցունակ աշխատավարձով:
Հանդիպման ավարտին ծնողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին, որոնց պատասխանեցին դուալ կրթական ծրագերի տարբեր մասնագիտությունների համակարգողները:
Ծնողներից մեկը՝ մասնագիտությամբ գինեգործ Աննա Մամիկոնյանը, ողջունեց դուալ կրթության հնարավորությունը. «Ավագ աղջկաս՝ Միլենա Ղազարյանի օրինակով, որը սովորում է քոլեջի չորրորդ կուրսում, ես արդեն տեսնում եմ դուալ կրթության արդյունքը. նա պարզապես սիրահարված է իր մասնագիտությանը եւ գործարանից տուն բերել չի լինում»։ Կրտսեր աղջիկը՝ Մանեն, եւս ընտրել է քրոջ ուղին ու սովորում է նույն մասնագիտության առաջին կուրսում: