«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներից մեկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի երիտասարդ գիտաշխատողների թիմի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարն էր։ Տաթեւ Ջհանգիրյանի, Արեւիկ Էյոյանի, Սեւակ Դավեյանի, ծրագրի ղեկավար Գայանե Գասպարյանի հենց այս գաղափարն էլ հաղթող է ճանաչվել Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցած «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի եզրափակիչ փուլում։
Մերոնք այս հաղթանակը կերտել են «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում, որտեղ մրցակցել է 7 գիտական թիմ հարեւան թշնամական երկրից, 2-ը տանտերերից եւ մեկը Ռասաստանի Դաշնությունից, ընդ որում հաղթել են՝ անվերապահ առավելությամբ, այն էլ մրցակցային նախնական ոչ այնքան բարենպաստ պայմաններում․․․ Առավելեւս մեծ է գիտական կենտրոնի տնօրեն եւ թիմի ղեկավար Գայանե Գասպարյանի հասկանալի ու բնականոն հպարտությունը, դրվատանքի ու գնահատանքի ջերմ խոսքերը երիտասարդ, նպատակասլաց թիմակիցների հասցեին, Տաթեւիկի եւ Արեւիկի հետ (Սեւակը «մրցասպարեզ» չէր կարողացել գնալ) Մինսկում զգացել ու տոնել է հաղթանակի հասկանալի ուրախությունը։ Այս առթիվ Գայանե Գասպարյանը նաեւ հարցազրույց է տվել Բելառուսի ազգային հեռուստաընկերության առաջին ալիքին։
Տիկին Գասպարյանը շնորհակալություն է հայտնում թե մեր թիմին՝ կատարած մեծ աշխատանքի եւ թե Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանին եւ դեսպանության աշխատակիցներին՝ կազմակերպչական հարցերում հնարավոր ամեն աջակցություն ցուցաբերելու համար։ «Նրանք մեզ օգնեցին, որ տարբերվենք ամեն ինչում», – ասում է տիկին Գասպարյանը։ Պարոն Խումարյանն, ի դեպ, ՀԱԱՀ-ի շրջանավարտ է, ժամանակին աշխատել է Հողագիտության գիտահետազոտական ինստիտուտում։
2023 թ. «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական ծրագրին մասնակցել են ԱՊՀ մասնակից պետությունների 14-ից 35 տարեկան երիտասարդներ, որոնք ներկայացրել են հեղինակային գաղափարներ՝ 12 անվանակարգերում։
Մեր թիմը Մինսկի իրադարձությունը գնահատում է ոչ միայն առաջինը ճանաչվելու բերկրանքով, այլեւ այն դիտարկում որպես նոր ծրագրերի սկիզբ։
Զուգահեռաբար կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը, որի հագեցած օրակարգի հարցերից մեկն էլ «100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային երիտասարդական նախագծի 2022-2023 թթ. արդյունքների եւ նոր փուլի նախապատրաստական աշխատանքների քննարկումն էր:
Ծրագրի հիմնական նպատակն է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդների նորարար գործունեության ակտիվացումը, նրանց ներգրավումը սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։
ՀՀ պատվիրակության կազմը ղեկավարել է ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ եւ շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: