Հուլիսի 10-14-ը Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում վերապատրաստման նպատակով հյուրընկալեց ՀԱԱՀ ինն աշխատակցի՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանին, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանին, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանին, Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանին, Հայոց եւ օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռուզաննա Փիլոսյանին, Ֆինանսահաշվարկային ամբիոնի դոցենտ Թամարա Հարությունյանին, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆին եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Լիլյա Սամվելյանին։
ՀԱԱՀ պատվիրակությանն ընդունեց Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտի պրոֆեսոր, Erasmus+ ծրագրի համակարգող Եւա Սինապիդուն, որն արժեւորեց անդրանիկ այցն ու երկու համալսարանների միջեւ համագործակցություն հիմնելու հնարավորությունը։ Պրոֆեսոր Սինապիդուն ներկայացրեց Թրակիայի համալսարանի պատմությունը, հանգամանալից անդրադարձավ Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանոմներին, բակալավրի եւ մագիստրոսի մակարդակներում (երեքական մասնագիտություններով) գործող կրթական ծրագրերին, հետազոտության հիմնական ուղղություններին, դասավանդման մեթոդներին։
Ուշագրավ է, որ Բույսերի արտադրություն, բույսերի պաշտպանություն եւ շրջակա միջավայրի կառավարում, Սննդագիտություն եւ տեխնոլոգիաներ, Գյուղատնտեսության էկոնոմիկա եւ ագրոբիզնեսի կառավարում բակալավրիական կրթական ծրագրերի տեւողությունը հինգ տարի է եւ ուսանողներին առաջարկվում են ինչպես պարտադիր, այնպես էլ կամընտրային առարկաներ։ Մագիստրատուրայում ուսումնառության տեւողությունը մեկ տարի է՝ Բույսեր եւ շրջակա միջավայր, Կենսատեխնոլոգիա եւ սննդի հիգիենա, Գյուղատնտեսական մթերքների էկոնոմիկա եւ սննդի բիզնես մասնագիտություններով։ Ինչպես նշեց պրոֆեսոր Սինապիդուն, միայն Գյուղատնտեսության զարգացման դեպարտամենտում ուսումնառում է 1131 ուսանող, որից 1073-ը բակալավրի, 40-ը մագիստրոսի եւ 18-ը հետբուհական կրթության շահառուներ են։
Պրոֆեսոր Ալեքսոպուլոս Աթանասիոսը ՀԱԱՀ պատվիրակներին ծանոթացրեց սննդագիտության եւ տեխնոլոգիաների ոլորտի կրթական եւ հետազոտական առանձնահատկություններին։
Հաջորդիվ, ՀԱԱՀ պատվիրակության անունից դոկտ․ Գայանե Մարմարյանը ներկայացրեց Ագրարային համալսարանի կառուցվածքը, ֆակուլտետներում մատուցվող կրթական ծրագրերը, գործող լաբորատորիաներն ու այլ ենթակառուցվածքները։
Ագրարայինի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ հիշյալ դեպարտամենտին կից գործող լաբորատորիաներին եւ իրականացվող հետազոտություններին։ Առավել հետաքրքրական էին սննդային միկրոբիոմների ուղղությամբ կատարվող հետազոտությունները:
Շարժունության մասնակիցներն խորին երախտագիտություն են հայտնում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտին եւ հյուրընկալող համալսարանի անձնակազմին՝ շարժունությունը պատշաճ կազմակերպելու, մասնագետների փոխգործելիության հարթակ ձեւավորելու եւ շարունակական մասնագիտական զարգացմանը նպաստելու համար։