ՀԱԱՀ-ը, մասնավորապես՝ Միջազգային կապերի դեպարտամենտը, համագործակցություն է սկսել Սերբիայի Շաբացի կիրառական գիտությունների ակադեմիայի հետ՝ Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Օրերս հյուրընկալեցինք ակադեմիայի պտղաբուծության եւ գինեգործության ֆակուլտետի դասախոս, Գյուղատնտեսության եւ բիզնեսի ուսումնասիրությունների ու զբոսաշրջության բաժնի աշխատակից Ստեֆան Մարկովիչին, որը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի ակտիվ մասնակիցներից է։
ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը եւ աշխատակից Զարինե Պողոսյանը սերբ գործընկերոջը նախ ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, առցանց հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության հնարավորություններն ու առկա ծրագրերը։ Խոսվեց նաեւ միջազգայնացման եւ միջազգային ծրագրերի համակարգման եւ շարժունության իրականացման մեխանիզմների, տվյալների բազաների հնարավորությունների, կրեդիտային ճանաչման առանձնահատկությունների մասին։
Համալսարանում կազմակերպված շրջայցի ընթացքում տիկին Պողոսյանը հյուրին ծանոթացրեց համալսարանի նորարարական կենտրոններից մի քանիսին՝ հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, Գարեջրի եւ թորման, Սննդամթերքի անվտանգության լաբորատորիաներին, գիտական գրադարանին, թեստային կենտրոնին, ուսումնական ջերմատանը եւ այլն։ Պտղաբուծության եւ գինեգործության մասնագետ մեր հյուրին առաձնապես հետաքրքիր էր Ի-Վի-Էն գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիան։ Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ քննարկվեցին երկու համալսարանների միջեւ հետագա համագործակցության ամրացման ուղիները։
Պարոն Մարկովիչը շատ տպավորված էր ՀԱԱՀ-ում իր շարջայցից ու հանդիպումներից։
ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանը Շաբացի համալսարանի գործընկերոջ համար հնարավորություն ստեղծեց ծանոթանալու նաեւ հայ մշակույթին, խոհանոցին ու Հայաստանի մի քանի տեսարժան վայրերի։ Ստեֆանի խոսքով, հայ եւ սերբ ժողովուրդների պատմությունը բազմաթիվ հարցերում ընդհանուր է։