ԱՏ տեխնոլոգիաները արմատավորվում են ՀԱԱՀ-ում․ նոր փորձ եւ սպասելիքներ

Համալսարանում ձեւավորված լավ ավանդույթի համաձայն, հունվարի 12-ին ERASMUS+ ծրագրից համաֆինանսավորվող «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում Իսպանիայում եւ Բելգիայում անցած վերապատրաստման մասնակիցները գործընկերներին եւ ուսանողներին փոխանցեցին ունեցած փորձը։

Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Նաիրա Ալոյանը, ասպիրանտ Արմինե Համբարձումյանը եւ Ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի համակարգող Սերգեյ Կարապետյանը գոհունակությամբ են խոսում Վալենսիայի պոլիտեխնիկական (UPV) եւ Բրյուսելի Վրիջի (VUB) համալսարաններում իրենց վերապատրաստումների մասին՝ բարձր գնահատելով դրանց գործնական ուղղվածությունը։ Պրոֆեսոր Եղիազարյանը եւ դոցենտ Ալոյանը հատկապես շեշտեցին վերապատրաստման եւ առհասարակ GeoTAK նախագծի նշանակությունը ՀԱԱՀ-ում Գեոմատիկա առարկայի գծով մեկական ուսանողի մագիստրոսական եւ ասպիրանտական անվճար կրթության հնարավորության, ձեռք բերված գործընկերային կապերի ամրապնդման, համատեղ արդյունահենք հետազոտությունների եւ կրթական նորարարական բովանդակության ներդրման, լաբորատոր կարողությունների բարելավման (ՀԱԱՀ դրոնների լաբորատորիան արդեն հագեցվել է 33 հազար եվրո արժողությամբ նոր գույքով), աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի եւ Ղրղզստանի կարողունակության բարձրացման տեսակետից։

Ասպիրանտ Արմինե Համբարձումյանը ավելի մանրամասնորեն ներկայացրեց բուն վերապատրաստումները, խոսեց եվրոպական երկու համալսարաններում անցկացված երկու շաբաթների (2022 թ․ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 12-ը) հագեցած ծրագրի բաղադրիչների, հանդիպումների, գործնական վարժությունների, ձեռք բերված նոր գիտելիքների (մասնավորապես ավտոմատացված քարտեզագրման) եւ կապերի մասին։

Գեոմատիկա մասնագիտության ներդրումը, GeoTAK-ի շրջանակում նախատեսված հետագա այցելությունները այլ երկրներ, փորձի փոխանակումը, ամբիոնի ղեկավարության ու աշխատակիցների վճռականությունը եւ հայաստանյան ու արտերկրի գործընկեր համալսարանների հետ արդեն հաջողված համագործակցությունը ըստ ամենայնի նպաստում են նախագծի ընդհանուր հաջողությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, Ագրարայինից բացի, նախագծում ներգրավված են նաեւ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (համակարգողը Հայաստանում) եւ Երեւանի պետական համալսարանը։