Ութերորդ հայտով նվաճված հաջողություն

Սովորաբար ուսանողի հետ ցանկացած զրույց սկսում ենք նույն հարցով.

-Ինչո՞ւ-ինչպե՞ս ընտրեցիր Ագրարայինը:

-Ութերորդ հայտով,- քիչ ամաչելով, քիչ էլ կատակով ասում է Զախար Հակոբի Խաչատրյանն ու անմիջապես հավելում,- բայց հիմա չեմ պատկերացնում, որ կարող էի այլ բուհ ու մասնագիտություն այսքան սիրել ու սովորել սիրով: Եւ շատ կուզեմ սովորածս կիրառելու հնարավորություն ունենալ:

Սյունիքի մարզի Գորայք համայնքի Ծղուկ գյուղից է: Մայրը ուսուցչուհի է, իսկ տնտեսագետ հայրը չի աշխատում: Հետաքրքրություններ ունի որքան ուզեք՝ ե՛ւ արեւելյան մարզաձեւերով է զբաղվել, ե՛ւ ինքնուրույն՝ փայտամշակմամբ: Գիրք կարդալ շատ չի սիրում, բայց ինչ որ կարդացել է՝ ճաշակավոր գրականություն է:

Նրա կյանքը կընթանար սովորական հունով, եթե բանակում ծառայության իններորդ ամսում չսկսվեր 44-օրյա պատերազմը: Պատերազմ, որ հիմնահատակ փոխեց բոլորիս կյանքը:

Քարվաճառում էր, հետեւակում: Խոշոր տրամաչափի գնդացրորդ էր: Զախարը ցավով է հիշում իր ծառայակից ընկերեներին, որոնք այլեւս…

Պատերազմից հետո նրանց գումարտակը տեղափոխեցին Վարդենիս, Սոթքում հունիսի 28-ին ձախ ուսից վիրավորվեց: Ձեռքը երկու վիրահատությունից հետո անգամ լիարժեք չի աշխատում:

Զախարը պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի Հայկական բանակի գերազանցիկ եւ Քաջարի մարտիկ կրծքանշաններով, Մարտական ծառայության մեդալով:

Ամանորի շեմին, իհարկե խաղաղություն պետք է մաղթենք մեր ժողովրդին, մեր քաջարի զինվորներին, որոնց շարքերում փայլել ու փայլելու են Ագրարային համալսարանի սաներն ու զավակները: