Ագրարայինի առաջին դարեդարձին ընդառաջ

Սեպտեմբերի 1: «ԱգրիԹեք» սրահում հուզիչ սպասումի մեջ, կամաց-կամաց հավաքվում են բակալավրիատի առաջինկուրսեցիները: Նրանք հեշտությամբ են զանազանվում ընդհանուր պատկերից՝ մի քիչ երկյուղած են, զննող-քննախույզ հայացքով կլանում են միջավայրն ու ակնհայտորեն հավանում են այն:

Առաջին կուրս ընդունված աբովյանցի Միքայել Սահակյանը, հարցին, թե ինչպե՞ս այդքան անվրեպ-ճիշտ ընտրեց բուհը՝ պատասխանում է.

– Անցյալ տարվա սեպտեմբերին մտածում էի այլ բուհի մասին, բայց մեր դասարանը ճանաչողական այց կատարեց Ագրարային, եւ անմիջապես վճռեցի՝ այստեղ եմ ուզում սովորել:

Առաջինկուրսեցիներին ջերմորեն ողջունեց Գիտելիքի օրվա առթիվ եւ ուսանողական հետաքրքիր-հագեցած տարիներ մաղթեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը. «Բոլոր նախադրյալները ունեք հաջողելու համար: Այս լուսավոր երիտասարդների մեջ է մեր երկրի ապագան: Ձեզ հետ միասին, մենք էլ սովորում ենք գերազանցությանը, որովհետեւ չենք սիրում միջակությունը»:

ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, ֆակուլտետների դեկանները երիտասարդներին սիրով ներկայացրեցին բուհի ընձեռած հնարավորությունները: Իսկ բարձրկուրսեցիների հետ «նորեկները» շրջագայեցին ու ի մոտո ճանաչեցին նոր-համալսարանական միջավայրը:

Բարի մեկնարկ: