Արվեստ՝ առանց սահմանների ու հասկանալի ուսյալների, երազանքը կյանքի կոչելու կամք ունեցողների համար:
Այսօր՝ մայիսի 23-ին մեկնարկեց Ուսանողական գիտական շաբաթը: Լիագումար աշխատանքը մեկնարկեց 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին մեկ րոպե լռությամբ: Նրանց շարքերում գիտության ոլորտում լուրջ հայտեր ներկայացրած սաներ ունեինք…
Մեր բուհը, որ ՈՒԳԸ աշխատանքների տասնամյակներով չափվող օրինակելի փորձ ունի, ոտք դրեց մի նոր մակարդակ՝ նորարարությունների, համարձակ մտահղացումների եւ դրանք իրականություն դարձնելու մի նոր փուլ:
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը դիմելով ներկաներին շեշտեց, որ նախաձեռնության նպատակն է քաջալերել, ոգեւորել երիտասարդներին գիտությամբ զբաղվելու, առանց որի անհնար է պատկերացնել երկրի անվտանգությունը: Կլիմայի փոփոխություն, հանրային առողջության, նվազող ռեսուրսների եւ շուրջ 10 մլդ մարդու սննդային ապահովվածության խնդիրներ: Սրանք ասպարեզներ են, որտեղ դրական իմաստով կարեւոր դերակատարություն ունի Ագրարային համալսարանը: «Մեր ամենակարեւոր ռեսուրսը մարդկային կապիտալն է: Ագրարային ոլորտում խելացի տեխնոլոգիաներն այլեւս իրողություն են: ՀԱԱՀ-ում որակյալ կրթության եւ գիտությանը նվիրվելու համար լայն հնարավորություններ են ստեղծված: Եւ պատահական չէ, որ մեր բուհը ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոնի փոխակերպվելու ճանապարհին է»,- ասաց ռեկտորը:
Պարոն Ուռուտյանը ուսանողներին հորդորեց անդադար սովորել, չվախենալ սխալվելուց եւ հիշել, որ Երկրի ու գիտության ապագան նրանք են կանխորոշելու:
Ուսանողներին արդյունավետ գիտական շաբաթ մաղթեցին ՀԱԱՀ շրջանավարտ, էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ՈՒԳԸ նախագահ Զարուհի Հովեյանը:
ՀՀ գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամի ավագ գիտաշխատող Սմբատ Գեւորգյանը, Intelinair ընկերության ներկայացուցիչ Արմեն Խաչիկյանը, Ագրիթեք մրցանակի շահառու Լիանա Վանյանը իրենց աշխատանքային օրինակներով քաջալերում էին երիտասարդներին մտքի նոր սլացքի, որը նաեւ Հայաստանի զարգացման խթան ու նախապայման կլինի: Կիրառական գիտություն, գիտության առեւտրայնացում՝ սրանք «միտքը ապրանքի վերածելու» ճշմարիտ ուղիներն են: Ուսանողներն ու աշակերտները մեր հյուրերին հարցեր ուղղեցին ու ստացան հիմնավոր պատասխաններ:
Ճեմասրահում ցուցադրված էին մեր ուսանողների նորարարական սարքերն ու գյուտերը, սննդի տեխնոլոգների համեղ ու բազմազան արտադրանքը:
Իսկապես, գաղափարները կենսագործելիս երբեմն խանգարում է թերահավատությունը: Այս շաբաթվա գլխավոր նպատակներից մեկն էլ թերեւս բարդույթներից ձերբազատվելն է…