Եվրոպական Միությունից եւ Ավստրիական զարգացման համագործակցությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) ծրագրի շրջանակում Ագրարային համալսարանը սկսել է իրականացնել «Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մշակում եւ իրականացում» նախագիծը։
Պտղահատապտղային մշակաբույսերի սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման քառամսյա դասընթացի անդրանիկ դասը անցկացրեց ոլորտի հայտնի փորձագետ Արամ Ասատրյանը։
Դասընթացի նպատակն է վերապատրաստել պտղահատապտղային մշակաբույսերի տնկանյութը հավաստագրող մասնագետների եւ փորձորոշող-գյուղատնտեսների՝ բարելավելով մասնակիցների մասնագիտական որակավորումը, հմտություններն ու կարողությունները։ Ավելի քան 25 գրանցված մասնակիցների մի մասը դասին մասնակցում էր առցանց եղանակով։ Նրանց թվում են ագրոնոմիական կրթություն ունեցող մասնագետներ եւ ֆերմերներ, ինչպես նաեւ ագրոնոմիական մասնագիտություններ ունեցող ՀԱԱՀ դասախոսներ, ասպիրանտներ եւ մագիստրանտներ։
Անվճար դասընթացն անցկացվում է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում, շաբաթական երկու անգամ, երեկոյան ժամերին։
Դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան կատարել պտղահատապտղատու մշակաբույսերի մայրուտների, տնկանյութի, այդ թվում՝ ներկրված, փորձորոշում եւ որակական գնահատում, սերմերի եւ տնկանյութի բուսասանիտարական վիճակի գնահատում։