Ռեկտորատի վերջին նիստին, որը տեղի ունեցավ մարտի 24-ին, քննարկվեցին 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսման վարձավճարների զեղչերին, դասախոսների մասնագիտական որակավորման բարձրացմանը, նախաավարտական կուրսերի ուսանողների հաճախումների վիճակին, Վանաձորի մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպմանը, դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի կատարման նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցերն ու առկա խնդիրները։ Որպես քննարկումների արդյունք՝ ընդունվեցին համապատասխան որոշումներ։
Նիստը նախագահող ռեկտոր Վարդան Ուռուտյանը, մասնավորապես դասախոսների վերապատրաստման առումով, նշեց, որ նախորդ ուստարում դասախոսների վերապատրաստման աննախադեպ արշավ է եղել եւ բավականին արժեքավոր փորձ է ձեռք բերվել, որը պետք է ուսանողին հասցնել։ Ստորաբաժանումների ղեկավարների ներկայացրած թվական եւ որակական տվյալները ցույց են տալիս վերապատրաստման ծրագրերի մասնագիտական եւ անձնակազմային լայն ընդգրկումը՝ միջազգային վերապատրաստումների մասնակցած դասախոսներից մինչեւ ՀԱԱՀ-ի՝ միջազգային դասընթացների համար լիցենզավորված մասնագետները։
Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Մերի Գրիգորյանի զեկուցումից պարզ դարձավ, որ բավականին հագեցած ուսումնական միջավայրի պայմաններում այստեղ դասավանդման որակի բարձրացման լուրջ խնդիր ունենք, որի լուծումը մեծապես կախված է դասավանդող մասնագետների դրույքավորումից, նպատակային վերապատրաստումից եւ կադրերի երիտասարդացումից։ Վանաձորում փորձում են քայլ առ քայլ լուծել խնդիրները։
Ռեկտոր Ուռուտյանը հանձնարարեց մասնագիտական-տեխնիկական հմտություններին զուգահեռ վերապատրաստման ծրագրերում ընդգրկել նաեւ մանկավարժական մոտեցումներ, փափուկ հմտություններ։ «Վերապատրաստումից հետո պիտի ակնհայտ դառնա, թե որքանով է որեւէ առարկայի դասավանդման նյութը հասել ուսանողին, բարելավել ուսումնական գործընթացը եւ դրականորեն ազդել ընդհանուր կրթական միջավայրի վրա», – ասաց պարոն Ուռուտյանը։
Քննարկվեցին աշխատանքային կիսամյակի կազմակերպման ուղեցույցի ստեղծման, գարեջրագործության եւ թորման թեմաներով կարճաժամկետ դասընթացների կազմակերման հարցերը։ Ավարտաճառերի եւ դիպլոմային աշխատանքների առնչությամբ ռեկտոր Ուռուտյանը դժգոհություն արտահայտեց թեմաների ընտրության վերաբերյալ, հորդորելով չբավարարվել միայն կոնկրետ կազմակերպությունների վերլուծություններով եւ ներառել հարցումների հիման վրա հետազոտությունների արդյունքներ, ճյուղային, արժաշղթաների եւ մակրո ու միկրոմակարդակների տվյալահեն վերլուծություններ։