Որակի ապահովման ազգային կենտրոնը մշտադիտարկում է ՀԱԱՀ կրթական ծրագրերը

Դեկտեմբերի 23-ին Որակի ապահովման ազգային կենտրոնի աշխատանքային թիմը հանդիպեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտորների, Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրենի եւ ագրոնոմիական ու անասնանաբուժական կրթական ծրագրերի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակը բուհի հավատարմագրումից հետո կրթության կազմակերպման եւ որակի ապահովման գործընթացի, թերությունների վերացման ծրագրի համաձայն իրականացված փոփոխությունների, ռեսուրսների ապահովման, լաբորատոր միջավայրի ստեղծման եւ բարելավման ուղղությամբ կատարված քայլերի մշտադիտարկման արդյունքների ամփոփումն էր:

Այս հանդիպմանը նախորդել են Կենտրոնի ներկայացուցչական թիմի՝ ՀԱԱՀ-ի ներքին շահակիցների հետ հանդիպումները, որոնց  ընթացքում քննարկվել են ՄԿԾ-ի վերանայմանը, դասավանդման մեթոդներին, գործատուների հետ համագործակցությանը, դասախոսների վերապատրաստմանը, նոր ներդրված միգիստրոսական ծրագրերին, լաբորատոր պայմաններին առնչվող հարցեր: Մշտադիտարկման առանցքում եղել են «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» եւ «Անասնաբուժություն» մասնագիտական կրթական ծրագրերը:

Ընդամենը երկու տարում մեր համերաշխ կոլեկտիվը՝ ռեկտորի առաջնորդությամբ, միահամուռ ու նպատակասլաց, քայլ առ քայլ հետեւողականորեն արմատապես նորացրել է բուհի նյութատեխնիկական բազան՝ գիտահետազոտական, ուսումնական լաբորատորիաներ, Անասնաբուժության կրթագիտական գերազանցության կենտրոն, մեծ ներդրումներ են կատարվել ուսումնափորձնական տնտեսությունների վերագործարկման, սննդամթերքի փոքր արտադրությունների ստեղծման ուղղությամբ:

Ուսումնական պլաններն ու ծրագրերը վերանայվել են գործատուների անմիջական մասնակցությամբ՝ մեկ նպատակով, որ մեր պատրաստած մասնագետները լավագույնս համապատասխանեն աշխատաշուկայի ժամանակակից պայմաններին: Ավելին, այս փոփոխություններն արվում են գալիքը կանխատեսելու, ապագայից մեկ քայլ «առաջ անցնելու» հաշվարկով:

ՈԱԱԿ-ի մասնագետները նշում են նաեւ վերոհիշյալ գործընթացներում առկա թերացումներ, որոնք, անշուշտ, շտկելի են:

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Բնականաբար, այն շարունակական կլինի, որովհետեւ միշտ էլ աշխատանքը «կողքից» անաչառ գնահատականի կարիք ունի: Ի դեպ, հավատարմագրման այս գործընթացը պատեհ հնարավորություն է ստեղծում նաեւ միջբուհական լավագույն փորձի փոխանակման տեսակետից: Միշտ էլ իրար սովորեցնելու եւ իրարից սովորելու անհրաժեշտություն կա: Եւ սա օրինակելի է:

Այցի ընթացքում ՈԱԱԿ մշտադիտարկման խումբը ծանոթացավ նաեւ արդիականացված լաբորատոր պայմաններին, այդ թվում՝ վերջերս ստեղծված ուսումնահետազոտական ենթակառույցներում։