«Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» դասընթաց

chocolate1

Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝

  • հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների,
  • հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների,
  • խմորի մշակման եղանակների,
  • հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության,
  • դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների,
  • բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների,
  • արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների,
  • արտադրանքի որակի վերահսկողության մեթոդների,
  • հացի հիվանդությունների և արատների առաջացման պատճառների,
  • շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների արտադրության տեխնոլոգիական գործընթացների,
  • շոկոլադների արատների բացահայտման և կանխարգելման, ինչպես նաև փորձաքննության ապահովման վերաբերյալ տեսական և գործնական կարողությունների և հմտությունների վերաբերյալ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակներում, կազմակերպում է «Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» թեմայով դասընթաց:
Դասընթացին կարող են դիմել հացաթխման և շոկոլադագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները և կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաև նրանց համար, ովքեր այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:
Ծրագիրը խրախուսում է հատկապես գործազուրկ կանանց և երիտասարդների մասնակցությունը:
Դասընթացը կմեկնարկի նոյեմբերի 22-ին: Գրանցման վերջնաժամկետն է 2021 թ. նոյեմբերի 18-ը, ժամը 18:00:

Դասընթացի արդյունքում դուք կկարողանաք՝

  • պատրաստել անհրաժեշտ տեխնոլոգիական պարամետրերով խմոր և ստանալ արտադրանք,
  • ձևավորել մտքեր նորարարական արտադրատեսակների մշակման ուղղությամբ,
  • պատրաստել տարբեր նորարարական հացատեսակներ,
  • հաշվարկել բաղադրագրեր,
  • պատրաստել տարբեր շոկոլադային զանգվածներ,
  • տարբերել սննդային, կենսաբանական և էներգետիկ արժեքները, ինչպես նաև հաշվել շոկոլադի և շոկոլադային արտադրատեսակների էներգետիկ արժեքները,
  • գործնականում կատարել ստացված արտադրանքի որակի ստուգում լաբորատոր գործիքների միջոցով,
  • կազմակերպել համտեսի անցկացում և բացահայտել արտադրանքի արատները:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որին կզուգորդի գործնական առաջադրանքների իրականացում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորաբաց «Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» ուսումնական լաբորատորիաում: Դասընթացի մասնակցության արժեքն է 40000 (քառասուն հազար) ՀՀ դրամ։
Զեղչեր կտրամադրվեն հետևյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ և սոցիալապես անապահով կանայք և երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ և Արցախից տեղահանված անձինք:
Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:
Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել
012 54 57 13
095 59 20 03
093 59 20 01