«Գլոբալ վերափոխումների հիմնախնդիրները երկրների, տարածաշրջանների եւ գյուղական տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում» միջազգային գիտաժողովի քննարկմանն են ներկայացվում սոցիալ-տնտեսական զարգացման գործում տրանսֆորմացիոն գործընթացների հրատապ հիմնախնդիրները: Գիտաժողովը տեղի է ունենալու 2021թ. նոյեմբերի 3-8-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում: Միջազգային գիտաժողովի Ծրագրային կոմիտեի նախագահն է՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, իսկ կազմկոմիտեի նախագահը՝ «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» հիմնադրամի նախագահ Վասիլի Սորոկոժերդեւը:
Միջազգային գիտաժողովի հիմնական կազմակերպիչներն են՝ Կրասնոդարի «Կուբանի գիտակրթական նախաձեռնություններ» տարածաշրջանայաին հասարակական բարեգործական հիմնադրամը, Հայասատնի ազգային ագրարային համալսարանը, Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի Կրասնոդարի մասնաճյուղը: Գիտաժողովի անցկացման կազմակերպական եւ գիտամեթոդական աջակցությունը ցուցաբերում են ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կենտրոնական տնտեսամաթեմատիկական ինստիտուտը, Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի Սոչիի ինստիտուտ-մասնաճյուղը:
Միջազգային գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի առաջատար համալսարանների տնտեսագիտության հեղինակավոր գիտնականներ, ինչպես նաեւ իրավաբաններ, սոցիոլոգներ եւ բիզնեսի ներկայացուցիչներ: Սպասվում է 40-ից ավելի մասնակից, որից 30-ը գիտության դոկտորներ եւ թեկնածուներ են: Գիտաժողովի մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: