Homo sapiens-ն աշխարհը նվաճեց ամենից առաջ իր բացառիկ գործիքի՝ լեզվի միջոցով

Այսօր ամենից շատ ընթերցվող հեղինակներից մեկի՝ Յուվալ Նոյ Հարարիի պնդումն է: Թերեւս՝ անհերքելի: Հաղորդակցության հմտություններն հնուց անդի կարեւոր են եղել սեփական փորձը, տեսակետը, կարծիքը այլոց փոխանցելու, անհրաժեշտության դեպքում համոզելու տեսակետից: Գիտնական, թե մանկավարժ, արվեստագետ, թե հանրային գործիչ` հռետորական արվեստի կանոններն ու օրենք-օրինաչափությունները պետք է իմանան: Լսարանը մեծ, թե փոքր` ամեն անգամ նվաճել է պետք:

Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, հասարակական գիտությունների ամբիոնի աշխատակցուհի, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը դասախոսություն կարդաց. «Արդյունավետ հաղորդակցումը՝ հաջողության գրավական» թեմայով: Մանրամասն դիտարկվեցին հաղորդակցման հիմունքները, արդյունավետ բանավեճի կանոնները եւ գործոնները, քանզի հատկապես բանավեճի ընթացքում է ծնվում-հայտնաբերվում ճշմարտությունը:

Լսարանը լի էր երիտասարդներով, որոնք գործնական հմտություններ յուրացնելու ակնհայտ կամք ու ցանկություն ունեին: Սակայն, կարծում ենք, հռետորական կարողությունները պետք է հիմնված լինեն գիտելիքի, կարդալու շնորհիվ ընդլայնված մտահորիզոնի, հարուստ-հյութեղ բառապաշարի վրա: Հակառակ դեպքում, եթե իմացության հիմքը թույլ է, բառապաշարը նվազ, խեղճ ու կրակ, պատկերավոր արտահայտվելու անկարողությամբ` ամեն ինչ ունայն կլինի: Եւ Արիստոտելը, Սոկրատեսը, սոփեստներն ու իմաստասիրության ողջ պատմությունն իր երեւելի դեմքերով՝ հաստատապես օգնել չեն կարող: Անզոր կլինեն:

Այնպես, որ սիրելի ուսանողներ, սկզբի համար գիրք կարդացեք…