Ցեպելին Արմենիա ընկերությունը, որը հռչակավոր Caterpillar®-ի ներկայացուցիչն է Հայաստանում, մեր երկրում գործում է 2005թ-ից: Բացի հանքարդյունաբերական եւ շինարարական սարքավորումների վաճառքի իր հիմնական ուղղվածությունից, ընկերությունն այժմ մուտք է գործում նաեւ գյուղատնտեսական ոլորտ:
Ցեպելին Արմենիայի գործունեության նոր՝ գյուղատնտեսական ուղղությանը զարկ տալու համար նախեւառաջ մասնագետներ են անհրաժեշտ, որոնց բացակայությունը թույլ չի տալիս ոլորտում պատշաճ ծառայություններ ու սպասարկում իրականացնել: Պայմանավորվածության համաձայն, մենք նպատակային ձեւով մասնագետներ ենք պատրաստելու ընկերության համար՝ օգտագործելով ոչ միայն մեր դասախոսական ներուժը, այլեւ լաբորատոր հնարավորությունները: Ընկերության եւ համալսարանի ջանքերով դրանց վերազինումը հնարավորություն կտա պատրաստել Ցեպելին Արմենիայի համար այս փուլում խիստ անհրաժեշտ մասնագետների, հատկապես՝ էլեկտրիկների եւ մեխանիկների:
Վերջերս ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի, պրոռեկտոր Կարեն Մինասյանի, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանի, եւ պրոֆեսորներ Արմեն Մարգարյանի ու Արամայիս Եսոյանի՝ Ցեպելին Արմենիա ՍՊԸ կատարած այցով գործակցությունը սկսեց միս ու արյուն ստանալ: Համալսարանի պատվիրակությանն ընդունեց Հայաստանում, Բելառուսում եւ Կենտրոնական Ասիայում Ցեպելին Ինթերնեշնլ AG-ի տարածաշրջանային տնօրեն եւ Ցեպելին Արմենիա ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վահե Խորանյանը։ Շատ հետաքրքիր ու տպավորիչ այցի ընթացքում քննարկվեց համալսարանում Ցեպելին Արմենիայի ուսումնական ծրագրի ներդրման հարցը:
«Ընկերությունում իրականացնում են իրենց սեպական ուսումնական ծրագիրը, որի միջոցով պատրաստում են 0-ից մինչեւ E մակարդակի մասնագետների: Մենք մտադիր ենք մեր գործընկերներին տրամադրել լաբորատոր տարածք, որտեղ իրենք կտեղադրեն ուսումնական ծրագրի համար անհրաժեշտ ստենդներ, իմիտատորներ, մեքենասարքավորումների շարժիչների վիրտուալ քանդման-հավաքման եւ այլ տեխնոլոգիական հնարավորություններ: Հենց այս պահին ընկերությունն ունի 25-30 մասնագետի կարիք, եւ մենք պատրաստ ենք մեր գործընկերներին օգնել այդ մասնագետների պատրաստման գործում», – ասաց պրոռեկտոր Կարեն Մինասյանը:
Համալսարանի պատվիրակությունը Ցեպելին Արմենիայում ուրախ էր տեսնել մեր համալսարանի տարբեր տարիների շրջանավարտների, որոնք արդեն աշխատում են ընկերությունում:
Առաջիկայում ընկերության եւ համալսարանի գործակցությունը պաշտոնական տեսք կստանա կնքվելիք համագործակցության հուշագրի միջոցով: