Փառնագյան հիմնադրամը 10 հազար դոլարի նվիրատվություն է արել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աջակցության հիմնադրամին։ Նվիրատվությունը նպատակային ձեւով կօգտագործվի համալսարանի տեխնոլոգիական զարգացման նախաձեռնությունների իրականացման համար։ Հիմնադրամը եւս 10 հազար դոլարի նվիրատվություն էր արել համալսարանին 2019թ․-ի դեկտեմբերին։
Հիմնադրամը ստեղծվել է 2000թ.-ին, Փառնագյան ընտանիքի կողմից, որը ԱՄՆ-ում ագրոբիզնեսի ոլորտի խոշորագույն ընկերություններից մեկի՝ 1950թ.-ին Սեմ Փառնագյանի հիմնադրած Ֆոուլեր Փեքինգի (Fowler Packing Co.) սեփականատերն է: 1970թ.-ից Սեմը բիզնեսը վարում էր իր չորս որդիների՝ Դենիսի, Քենի, Ռենդիի եւ Ֆիլիպի հետ: Սեմը մահացել է 1980թ.-ին, որից հետո ընկերության նախագահը երկար տարիներ եղել է Դենիս Փառնագյանը: Այսօր բիզնեսը ղեկավարում են արդեն երրորդ սերնդի Փառնագյանները:
Ընկերությունը զբաղվում է խաղողի, ցիտրուսային մրգերի արտադրությամբ եւ փաթեթավորման ծառայություններով։
Տարիներ առաջ Ֆրեզնոյում ռեկտոր Վարդան Ուռուտյանի (այն ժամանակ ICARE հիմնադրամի տնօրեն) եւ Դենիս Փառնագյանի հանդիպումը սկիզբ է դրել անձնական լավ բարեկամության, որը վերաճել է բարեկամության նաեւ ICARE հիմնադրանի, հետագայում՝ նաեւ Ագրարային համալսարանի հետ։ Համալսարանի տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը նպաստող աջակցությունից բացի, պարոն Փառնագյանը նաեւ հանձնառություն է ստանձնել իր ընկերությունում ընդունելու Ագրարայինի ուսանողների՝ որպես փորձնակների։
«Հայերը կարծես բնածին սեր ունեն հողի եւ այն մթերքի հանդեպ, որ այդ հողից կարելի է արտադրել», – մի առիթով ասել է Դենիս Փառնագյանը։ Լինելով «հայկական» Կալիֆորնիայի առավել ակտիվ հասարակական գործիչներից, Փառնագյանները նաեւ փայփայում են հայաստանյան գործիչների ու կառույցների հետ հուսալի հարաբերությունները՝ Հայրենիքում զարգացման հնարավորությունների ստեղծման նպատակադրումով՝ թե լավ ժամանակներում եւ թե ներկա հետպատերազմյան իրավիճակում։
Ռեկտոր Ուռուտյանին ուղղված իր վերջին նամակներից մեկում պրն Փառնագյանն ասում է: «Հայաստանն այսպիսի դժբախտություններ նախկինում էլ է տեսել եւ միշտ դիմակայել է. այս անգամ էլ կդիմակայի: Դա դյուրին չէ, բայց դա հենց ցույց է տալիս հայ ոգու հզորությունը: Ես հավատացած եմ, որ մեր ոգին եւ մեր հավատքն են, որ մեզ պահում են ուժեղ ու միասին»:
Դենիս Փառնագյանի այս խոսքերը եւ Փառնագյան հիմնադրամի աջակցությունը շատ բան են նշանակում մեր համալսարանի համար: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ուսանողները եւ դասախոսները երախտապարտ են Փառնագյան գերդաստանին՝ ժամանակակից ագրոթեք գերազանցության կենտրոնի փոխակերպման այս ժամանակաշրջանում մեր համալսարանի կողքին լինելու համար: Փառնագյանները՝ Կալիֆորնիայի եւ առհասարակ ԱՄՆ-ի Սփյուռքի պատվարժան ներկայացուցիչները, փոխակերպվող Ագրարային համալսարանի՝ որպես Հայաստանի գյուղատնտեսության շարժիչ ուժի, նպատակների իրականացմանը նվիրվածության եւ Հայկական երազանքին նվիրվածության հիանալի օրինակ են ցույց տալիս: