Համաշխարհային բանկի հետ գործակցության շրջանակում Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Հասմիկ Խուրշուդյանի, դասախոսներ Արեգ Կարապետյանի եւ Արթուր Ալավերդյանի մասնակցությամբ իրականացվում է ՀՀ անտառային լանդշաֆտների վերականգնմանը վերաբերող հետազոտություն։
Հայաստանը՝ լինելով սակավ անտառապատ երկիր, որտեղ անտառածածկույթը կազմում է ընդամենը 11,2%, բուսատեսակների զգալի բազմազանություն ունի՝ ծառերի եւ թփերի 323 տեսակ, որոնց մեջ զգալի քանակություն են կազմում հազվագյուտ եւ անհետացող տեսակները: 1990-ականների էներգետիկ ճգնաժամի հետեւանքով տեղի ունեցան աննախադեպ ապօրինի ծառահատումներ, որը հանգեցրեց խոշոր անտառային էկոհամակարգերի դեգրադացմանը, տեսակների կազմի փոփոխությանը, հիվանդություններին եւ վնասատուներին հարմարվողականության նվազմանը: Մյուս կողմից, կլիմայի փոփոխությունը հանգեցնում է անտառածածկույթի նվազման, անտառային էկոհամակարգերի հիմնական բնութագրերի, ինչպես նաեւ տեսակների անցանկալի փոփոխության:
ՀԱԱՀ մասնագետները նշում են անտառապատման եւ անտառվերականգնման նպատակով անտառային լանդշաֆտների վերականգնման ներուժի բացահայտման հրատապ անհրաժեշտությունը եւ այս առումով պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավորությունները: Ավելին, նրանք համոզված են, որ նման համագործակցության իրավական, տեխնիկական եւ ֆինանսական խոչընդոտները հաղթահարելու եւ մասնավոր ներդրումներ ներգրավելու պարագայում կարող են ի հայտ գալ անտառային լանդշաֆտի վերականգնման նոր տարբերակներ:
Անտառային կենսաբազմազանության առկա վիճակի մասնագիտական գնահատականը եւ ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիnնի մասնագետների կողմից լավագույն ներդրումը կլինի մեր երկրում անտառվերականգնման հրատապ խնդրի լուծման ճանապարհին:
Մինչեւ 2050թ.-ը Հայաստանի անտառների մակերեսը կրկնապատկելու՝ կառավարության հանձնառությունը ոմանք անհավանական են համարում, բայց՝ ոչ մեր մասնագետները. նրանք ցույց են տալիս երկրի համար այդքան կարեւոր հանգրվանի հասնելու՝ մասնագիտորեն հիմնավորված ուղիներ: