ՀԱԱՀ «Հ. Պետրոսյանի անվան հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի Երասխահունի փորձամելիորատիվ կայանում հաջողությամբ շարունակվում են աշնանացան ցորենի բերքատվության բարձրացման ուղղությամբ իրականացվող գիտափորձնական աշխատանքները։ Գիտական կենտրոնի գիտնականների տարիների հետեւողական ջանքերն ուղղված են, մասնավորապես, մշակման տեխնոլոգիայում պարարտացման արդյունավետության բարձրացման միջոցով բարձր եւ կայուն բերքի ապահովմանը։
Երասխահունի ՓՄԿ-ի՝ ցորենի Վասա մշակաձեւի փորձադաշտերում լավ բերք է աճել․ գիտական կենտրոնի գիտնականները ստուգում են իրենց ստեղծած օրգանական պարարտանյութերը՝ Տրիսուրոն, Սիս, Կոնպլեքսոն եւ եւս մեկը, որ դեռեւս պաշտոնական անվանում չունի։ Արդյունքները՝ նաեւ թվային ցուցանիշների տեսքով, կամփոփվեն օրեր անց՝ բերքահավավաքից հետո, բայց արդեն ակնհայտ է, որ ստուգիչ դաշտի համեմատ, պարարտացվածներն ավելի լավ տեսք ունեն:
Պարարտանյութերն օգտագործվում են նաեւ ցորենի ցանքատարածությունների հարեւանությամբ՝ բանջարաբոստանային մշակաբույսերի զբաղեցրած հաղատարածքներում եւ դարձյալ՝ ապահովում են ակնհայտ լավ արդյունքներ, թեեւ մեր գիտնականներն ավելի լավի, ավելի կայունի, ավելի արդյունավետի «անուղղելի» ու մշտական ջատագովն են։ Ընդ որում, լոլիկի, տաքդեղի, սմբուկի դաշտերի գոհացնող տեսքը գիտական կենտրոնի եւ համայնքի ֆերմերների գործընկերության արդյունքն է՝ գործելակերպ, որ հաջողությամբ ծառայում է թե ֆերմերների շահերին եւ թե կենտրոնի գիտնականների ստեղծած գիտական արդյունքի առեւտրայնացման նպատակին։
Գիտական կենտրոնում ակնառո հաջողություններ են գրանցվել վերջին տարիներին՝ մշակաբույսերի արդյունավետության բարձրացումից մինչեւ միջազգային գիտական մրցույթներում հաղթող ճանաչվելը, երկրի գյուղատնտեսության համար կարեւոր նշանակություն ունեցող գիտափորձարարական արդյունքների ստացում եւ հանրայնացում նաեւ միջազգային գիտական հարթակներում, հողերի եզակի թանգարանի ստեղծում եւ այլն։ Գիտական կենտրոնի տնօրեն Գայանե Գասպարյանին հաջողվել է համատեղել գյուղատնտեսությանը, գիտությանը եւ հայրենիքին նվիրված վաստակաշատ եւ երիտասարդ գիտնականների աշխատանքը՝ միասնական կուռ թիմով։ Իսկ նպատակներ ու ծրագրեր շատ կան։