Ագրոնոմիականի ուսանողները զարգացնում են փորձարարական կարողություններն արդիական լաբորատորիայում

Ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերման ապահովումը հաջողված կրթական ծրագրերի առանցքային գրավականն է։ Այս համատեքսում կարեւոր է գիտելիքներից զատ նաեւ ուսանողների կարողությունների ձեւավորումը ուսումնառության առաջին տարիներից։ Ագրոնոմիական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները, մասնավորապես, կենսաքիմիայի ոլորտում փորձարարական աշխատանքներ իրականացնելու կարողություններ են ձեռք բերում ABioNet նախագծի շրջանակում ձեւավորված, արդիական սարքավորումներով հագեցած Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում։
Առհասարակ դասավանդման եւ ուսումնառության արդյունավետությունը բարձրացնելու մեխանիզմներից է ուսանողի ինքնուրույն փորձարարական աշխատանքը, լաբորատոր սարքավորումներով աշխատելու կարողությունը։ Կենս․ գիտ․ դոկտոր Գայանե Մարմարյանը ապագա ագրոնոմների համար Կենսաքիմիայի հիմունքներ մոդուլի մեկնարկը տվել է՝ նախ նրանց ծանոթացնելով լաբորատորիայում աշխատելու անվտանգության կանոններին ծանոթացնելով։ Այնուհետեւ ուսանողները կատարում են մասնագիտական ուղղվածության ինքնուրույն փորձեր, որոնք աստիճանաբար բարդանում են ըստ մեթոդաբանության՝ լաբորատորիայում առկա ժամանակակից սարքավորումներով աշխատելու համատեքստում։ Ի դեպ, լաբորատոր դասընթացի շրջանակում ինքնուրույն կատարած յուրաքանչյուր փորձի արդյունքների հիման վրա ուսանողը գնահատվում է երկու բաղադրիչով՝ կարողություն եւ գիտելիք։ Այս մեխանիզմով դասընթացի ավարտին ուսանողը կուտակում է միավորներ՝ ձեւավորելով ինքնուրույն փորձարարական աշխատանքի գնահատականը։
Այդպիսի վերջին դասընթացներից մեկում Ագրոնոմիականի երկրորդկուրսեցիները, դոկտ․ Մարմարյանի ղեկավարությամբ, հետազոտեցին ֆերմենտային կատալիզի ռեակցիան՝ կախված միջավայրի տարբեր պայմաններից։ Ուսումնասիրվում էր օսլան տրոհող ամիլազ ֆերմենտը, ընդ որում յուրաքանչյուր ուսանող հետազոտում էր «իր» ֆերմենտի ակտիվությունը՝ կախված միջավայրի ջերմաստիճանից, pH-ից, խթանիչների եւ արգելակիչների ազդեցությունից եւ կիրառվող ելանյութի յուրահատկությունից։ Ներգրավվածության, ավելին՝ փորձով կլանվածության աստիճանը տեսնելով, ինքնին պարզ է դառնում, թե ինչ անհամբերությամբ էին ուսանողները սպասում փորձի արդյունքներին․․․
Թերեւս ոչ այնքան կոնկրետ արդյունքների, որքան առաջին հերթին բուն գործընթացի հանդեպ մեծ հետաքրքրություն ուներ եւս մեկը՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Սա պատահական չէ, պարոն Տեր-Գրիգորյանը կարեւոր է համարում եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահում սաների առաջընթացը ոչ միայն գիտելիքի, այլեւ կարողությունների ձեռքբերման առումով։ Նրա ներկայությունը ուսանողների փորձարարական աշխատանքներին, թույլ եւ ուժեղ կողմերին ծանոթանալու եւ առաջընթացին հետեւելու նրա ձգտումը դրական արձագանք է գտնում ուսանողների եւ դասախոսների շրջանում։
Դեկանը նկատեց, որ, մանավանդ լաբորատորիայում աշխատելու կարողություններով օժտված ուսանողների պարագայում, համալսարանի հարուստ լաբորատոր բազան հարկ է դիտարկել նաեւ որպես ֆակուլտետում ուսումնառողների ավարտական աշխատանքների, թեզերի շրջանակում հետազոտություններ կատարելու հնարավորություն։