Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ագրիթեք սրահում մեկնարկեց  «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան կարողությունների զարգացում» մենթորական միջազգային ծրագիրը: Այն սկսվեց Գերմանիայի կառավարության  աջակցությամբ իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի ներկայացմամբ: ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն ու ԷԿՈսերվի խորհրդական Սիրանույշ Գալստյանը հակիրճ պատմեցին այն կարեւոր ուղղությունների մասին, որոնք ընկած են գործունեության հիմքում:

Կենսաբազմազանության տվյալների թվայնացումը կարեւորագույն գործընթաց է, որը Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցների (ԳԿԻՄ) ազգային ղեկավար Արմինե Աբրահամյանը հանգամանորեն ներկայացրեց շահառուներին: Ստեղծված է մասնագիտական ամուր հարթակ, որին միացել է 106 երկիր: Հայաստանը հինգ տարով առայժմ մասնակից երկրների շարքում է, առանց ձայնի իրավունքի: Հարթակը կենսաբազմազանության հաշվառման, ստանդարտացման եւ թվայնացման լայն հնարավորություններ է ընձեռում գիտնականների, գիտահետազոտական կենտրոնների համար: Ընդսմին պահպանվում է թվայնացնողի-մուտքագրողի անունը:

Մեր երկրում շուրջ 12.000 նմուշ արդեն ստանդարտացվել է եւ շուտով կթվայնացվի: Ստույգ տվյալների այս ահռելի շտեմարանը հասանելի է ոլորտով հետաքրքրվողների համար: Ասել, որ այն անգնահատելի է, հավասարազոր է ոչինչ չասելու: Աշխարհն այսօր կանգնած է բնապահպանական լրջագույն մարտահրավերների առջեւ: Եւ կենսաբազմազանության ստույգ տվյալների թվայնացումը տեսանելի եւ կանխատեսելի կդարձնեն վերահսկման ուղիները:

Մասնակիցները, որոնք տարբեր մարզերից են եւ գիտահետազոտական կենտրոններից, այս օրերին հնարավորություն կունենան թիմային աշխատանքներ իրականացնելու, փոքրիկ վարժություններ-խնդիրներ լուծելու, իսկ ամսի 19-ին դաշտային հետազոտական աշխատանք կկատարեն:

Հաշվի առնելով դիմորդների մեծ թիվն ու հետաքրքրվածությունը, տիկին Աբրահամյանը տեղեկացրեց, որ շահառուների եւս մեկ խումբ հնարավորություն կունենա վերապատրաստվելու։