Քեն Կակոսյանը հանդիպում է իր ստեղծած հիմնադրամի շահառու ուսանողների հետ

Երեկ՝ հունիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի հյուրընկալ հարկի տակ էին հավաքվել «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադարամի այս տարվա կրթաթոշակառուները՝ հանդիպելու Կակոսյան ընտանիքի ներկայացուցիչների՝ պարոն Քեն Կակոսյանի եւ նրա մոր՝ տիկին Մաքսենա Կակոսյանի հետ: «Կակոսյան» կրթաթոշակառուներն այս տարի 19 են, որից 9-ը՝ Ագրարային համալսարանի ուսանող: Մերոնցից բացի կրթաթոշակի են արժանացել ուսանողներ Հայաստանի ամերիկյան համալսարանից եւ ԵՊՀ-ից: Ներկաներին ողջունեցին Ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, ՀԱԱՀ  ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու ԵՊՀ զարգացման եւ նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը:

Ռեկտոր Ուռուտյանը  շնորհակալություն հայտնեց Կակոսյան ընտանիքին՝ ուսանողների կրթության, ասել է թե՝ երկրի ապագայի մեջ ներդրում անելու համար՝ հույս հայտնելով, որ «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնդարամի աջակցությամբ կրթությունը շարունակող ուսանողները իրենց ստացած գիտելիքները կծառայեցնեն ի նպաստ մեր երկրի:

Հիմնադրամը ստեղծվել է անցյալ տարի եւ միտված է երկրի հինգ՝ Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերից ուսանողներին խրախուսելուն: Կրթաթոշակային ֆոնդը՝ տարեկան 100.000 դոլար,  հնարավորինս հավասարաչափ բաշխվել է երեք բուհերից ընտրված ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձավճարը փոխհատուցելու նպատակով: Բարձր առաջադիմությունից բացի, ընտրությունը կատարելիս նախապատվություն է տրվել կամավորական աշխատանքներով,  հասարակական ակտիվությամբ ու նախաձեռնողականությամբ աչքի ընկնող ուսանողներին, որոնք ունեն իրենց հայրենիքի, համայնքների զարգացմանն ուղղված հստակ ծրագիր եւ տեսլական:

Հանդիպան ընթացքում յուրաքանչյուր բուհից կրթաթոշակի արժանացած մեկական ուսանող ներկայացրեց իր եւ ընկերների գաղափարները՝ միտված մարզերի ու համայնքների զարգացմանը: Ագրարային համալսարանի բոլոր ֆակուլտետներից ընտրված եւ կրթաթոշակի արժանացած 9 ուսանողների նախագծերը ներկայացրեց Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանողուհի Կարինե Մնացյանը: ՀԱԱՀ ուսանողների գաղափարները բնականաբար առնչվում էին ագրարային ոլորտին՝ համայնքներում խելացի անասնաշենքերի, անասնաբուծական ֆերմաների ու ջերմատների կառուցումից մինչեւ գյուղատնտեսական մթերքների, բերք ու բարիքի իրացմանը,  գյուղական զբոսաշրջության եւ գինու տուրիզմի զարգացմանն առնչվող ծրագրեր, որոնք, ինչպես հույս հայտնեց ուսանողուհին, մի օր կդառնան իրականություն: «Շնորհակալ ենք, որ ուսումնառության դժվարին տարիներին մեր կողքին եք, մենք մեզ մենակ չենք զգում եւ այս ներդրումը, որ կատարում եք մեր կրթության համար, անշուշտ տալու է իր պտուղները», – խոսքը եզրափակեց Կարինեն՝ ՀԱԱՀ ուսանողների անունից շնորհակալություն հայտնելով Կակոսյան ընտանիքին:

Այսօր՝ հունիսի 14-ին Քեն Կակոսյանն այցելեց Ագրարային համալսարան, որտեղ նրան դիմավորեցին «Քեն Կակոսյան ընտանիք» հիմնադրամի շահառու ուսանողները եւ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի պատասխանատուները եւ նրան ուղեկցեցին համալսարանի նորարարական կենտրոններից մի քանիսը։ Պարոն Կակոսյանը գոհունակությամբ ծանոթացավ գործնական կրթություն ստանալու եւ որպես մասնագետ կայանալու համար ստեղծված լավագույն ուսումնահետազոտական միջավայրին, որից հետո հանդիպում ունեցավ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի հետ։