Փորձուսուցում. դասաժամը՝ Նալբանդյանի փորձակայանում

Բարի բերք մաղթենք մեր հողին, Խաղողից գինի քամողին… Խորհրդային տարիների անպաճույճ, միիի քիչ միամիտ, պարզագույն հանգով, բայց սիրված երգերից մեկի խոսքերն են: Դեռ Նոյի ժամանակներից մեր քարքարոտ հողից ծնված, այրող արեւից ջերմացած անկրկնելի խաղողը արբեցնող գինի պիտի դարձնեն իսկական՝ արվեստագետի ոգով, քիչ խենթ, միշտ ստեղծագործ-որոնող մտքով նվիրյալները: Գինեգործ երեւի չեն դառնում: Ծնվում են: Ինչպես բանաստեղծները…

Բայց գինու տեխնոլոգ ուսանողները հազարամյակներով չափվող փորձը պետք է յուրացնեն, իրենցով անեն: Անպատճառ: Եւ լսարանի սահմաններն այդ իմաստով խիստ նեղ են, որքան էլ հագեցած լինեն ժամանակակից ցուցադրական նյութերով: Այս տեսակետից անփոխարինելի են փորձուսուցման ժամերը:

Բակալավրիատի ԳՏ-3 կուրսեցիների խաղողագործություն առարկայի դասն Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Արտեմ Օհանյանը եւ ասիստենտ, գ.գ.թ. Բելլա Գրիգորյանը անցկացրին ՀԱԱՀ Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոնի Նալբանդյանի փորձակայանում:

-Տեսեք, որպես գինեգործներ ձեզ տալիս ենք որակյալ բերք,- ասում են դասախոսներն ու երիտասարդները մեծ եռանդով ուսումնասիրում են տարբեր սորտեր, վազի կառուցվածքը, մասնակցում են ընտրովի բերքահավաքի, իրականացնում են նմուշառում:

«Այց այգի»՝ այսպես էր կոչվում ուսումնական թեման, որը երիտասարդները լավ կհիշեն: Ավելի ճիշտ՝ այլեւս չեն մոռանա: Սա գիտությունը ուսումնառության հետ կապելու հրաշալի եղանակ է: Միջին նմուշ են վերցրել, որոշել են շաքարի քանակը, իրենց ձեռքերով ճզմել են բերքը:

Բերքահավաքով փակվեց փաստորեն մթերման շղթան, եւ նրանք տեսել են խաղողագործության ողջ գործընթացը՝ այբից մինչեւ քե…

Ուսանողները շատ ոգեւորված, գոհ ու տպավորված են վերադարձել: