Տվյալագետի թափուր աշխատատեղեր միջազգային նախագծում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարում է մրցույթ «Համակարգչային գյուղատնտեսություն՝ հանուն Հայաստանում պարենային համակարգերի բարելավման եւ դիմակայուն քաղաքականության» նախագծում ավագ տվյալագետի եւ կրտսեր տվյալագետի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Նախագիծն իրականացվում է հիմնադրամի «ADVANCE STEM Research» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ADVANCE-ը դրամաշնորհային սխեմա է, որը ստեղծվել է արտերկրի գլխավոր փորձագետների ղեկավարությամբ Հայաստանում՝ տեղացի մասնագետների ուժերով հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Մրցունակ աշխատավարձով տվյալագետները նախագծում կաշխատեն 2021-2025 թթ. ընթացքում:

Դիմելու վերջնաժամկետը 2021 թ. հոկտեմբերի 4-ն է:

Պահանջվող որակավորման, փորձի, հմտությունների եւ փաստաթղթերի մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Ավելի մանրամասն տեղեկություններ թափուր աշխատատեղերի, ինչպես նաեւ նախագծի, դրա նպատակների եւ ակնկալվող արդյունքների վերաբերյալ կարելի է ստանալ այստեղ:

Նախագիծն իրականացվում է ԱՄՆ Իլինոյսի Ուրբանա-Շամպեյնի (UIUC) համալսարանի հետ գործակցաբար: Նախագծի միջազգային փորձագետն է UIUC-ի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանը, հայաստանյան խմբի ղեկավարը՝ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Նաիրա Հովակիմյանը, ԵՊՀ-ում տեսական մեխանիկայի եւ կիրառական մաթեմատիկայի գծով մագիստրատուրան ավարտելուց հետո ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան է ստացել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում: Նախքան UIUC-ի պրոֆեսորադասախոսական կազմին միանալը (2008), տիկին Հովակիմյանը գիտական գործունեություն է ծավալել Գերմանիայի Շտուտգարտի համալսարանում, այնուհետեւ՝ Ֆրանսիայի Համակարգչային գիտությունների եւ ավտոմատացման ազգային ինստիտուտում, ԱՄՆ Ջորջիայի տեխնոլոգիաների ինստիտուտում, ինչպես նաեւ մեր գործընկեր Վիրջինիա Թեք համալսարանում: Նաիրա Հովակիմյանի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ, հայաստանյան ԶԼՄ-ներում հարապարակումներին՝ այստեղ եւ այստեղ: