Ապրիլի 29-ին Ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ԱԲՇ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները դասախոս Նազելի Տեր-Պետրոսյանի հետ հերթական դասաժամը գործնական պարապմունքի ձեւով անցկացրին ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում։
Գործակալության Երեւան քաղաքի սպասարկման բաժնի պետ Աննա Դավթյանն ընդունեց ուսանողներին եւ ներկայացրեց գործակալության դերն ու գործառույթները, այդ թվում՝ բիզնես նախաձեռնելու դեպքում իրավաբանական անձանց գրանցման առանձնահատկությունները, գործակալության հետ հաղորդակցությունը փոստերի, բանկերի եւ նոտարների հետ իրականացնելու հնարավորությունը։
Ուսանողները իրազեկվեցին նաեւ գործակալության հետ հաղորդակցման էլեկտրոնային հարթակների գործարկման մասին, որի միջոցով հնարավոր է գրանցել ընկերություններ՝ առանց այցելելու գործակալություն եւ օգտվել այլ ծառայություններից։ Ուսանողները նաեւ շրջեցին գործակալության Երեւան քաղաքի սպասարկման բաժնի տարածքում եւ ծանոթացան տարածքում փակցված քաղաքացիների համար իրազեկող եւ խորհրդատվական բնույթի թերթիկների բովանդակությանը։
Արտագնա դասը ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ուսանողների համար շատ հետաքրքիր էր ու ճանաչողական։