Մայիսի 31-ին ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանը եւ ԱՄԻՕ բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն, բանկի վարչության անդամ Ազամատ Խակույը ստորագրեցին համագործակության հուշագիր, որով նախատեսվում է գործակցել ուսանողների կրթաթոշակների տրամադրման, փորձուսուցումների կազմակերպման եւ հետագայում լավագույններին աշխատանքի ընդունման հարցում։ Աջակցությունը վերաբերում է 1-ինից 3-րդ կուրսի ընտրված ուսանողներին։
Պարոն Զաքոյանը, ողջունելով պարոն Խակույին եւ ԱՄԻՕ բանկի պատվիրակության մյուս անդամներին, շնորհակալություն հայտնեց բանկին՝ նման կարեւոր նախաձեռնությամբ հանդես գալու համար եւ վստահություն հայտնեց, որ հուշագրի ստորագրումով կմեկնարկի ավելի սերտ եւ բազմակողմանի գործակցություն բանկի հետ։
Պարոն Խակույը շնորհակալություն հայտնեց բանկի նախաձեռնությանը արձագանքելու համար եւ տեղեկացրեց, որ մեկնարկային տարում ուսման վարձավճարի փոխհատուցման համար կընտրվեն երկրի բուհերի 25 ուսանողներ։ Կարեւոր պահանջներն են բարձր առաջադիմությունը եւ ֆինանսապես անապահով լինելը։
Շատ ողջունելի է, որ ԱՄԻՕ բանկը կորպորատիվ պատասխանատվության ոլորտում իր մեկնարկային քայլերն անելու համար ընտրել է հենց կրթության ոլորտը։ Դատելով, բանկի մեր գերծընկերների տրամադրվածությունից, փորձնական ծրագիրը հետագայում զարգանալու եւ ծավալվելու ներուժ ունի։
Ըստ էության, ԱՄԻՕ բանկի հետ ՀԱԱՀ-ի գործակցությունը նոր չէ այն առումով, որ մեր համալսարանն այս բանկի հաճախորդն է։ Իսկ հյուրերին հետաքրքրեց աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպի վերաբերյալ պարոն Զաքոյանի տրամադրած տեղեկությունը։