Ագրարայինցիները հաճախ են լինում մարզերում, ուշադրությամբ հետեւում են զարգացումներին, դժվար խնդիրներ ծագելիս հենց նրանք են լինում լուծումներ որոնող-գտնողները: Ֆերմերը բանիմաց-հմուտ մասնագետի անընդհատ աջակցության, խորհրդատվության կարիքն ունի: Նա պետք է միշտ համոզված լինի, որ մենակ չէ՝ իր հողի, իր դժվարությունների դեմհանդիման:
ՀԱԱՀ էկոլոգիայի եւ օրգանական գյուղատնտեսության հետազոտական կենտրոնի տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մերուժան Գալստյանը օրերս դասախոսությամբ է հանդես եկել Գեղարքունիքի մարզպետարանում: Ներկա են եղել մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության աշխատակիցները։
Պրոֆեսոր Գալստյանը ներկաներին իրազեկել է, որ վերը նշված կենտրոնում մշակել են նորագույն տեխնոլոգիաներ՝ Սեւանի ավազանի պայմաններում սննդային ռեժիմի եւ խոնավության կարգավորման միջոցով ապահովելու ոռոգելի դաշտային մշակաբույսերի՝ էկոլոգիակապես անվտանգ բերք: Բացի ֆերմերի համար ընկերային վիճակի բարելավումից, այս նորույթը լճի ջուրը խնայողաբար օգտագործելու հնարավորություն կընձեռի: Ասել է թե կհարթվի նաեւ բնապահպանական՝ մեզ համար ռազմավարական նշանակության շատ կարեւոր մի կնճիռ. «Եթե արդեն փորձարկված ու հիմնավորված տեխնոլոգիան կիրառվի Գեղարքունիքի մարզի շարահերկ մշակաբույսերի դաշտերում, շուրջ 38 հազար հեկտարի վրա, ապա միայն ոռոգման ջրի տնտեսման շնորհիվ Սեւանա լիճ կլցվի շուրջ 50 միլիոն խորանարդ մետր ջուր։ Այս տեխնոլոգիայի կիրառման դեպքում կարտոֆիլի եւ կաղամբի դաշտերը սահմանված նորմերից քիչ են ոռոգվում՝ ապահովելով մեծ քանակության ջրի խնայողություն»,- նշել է պարոն Գալստյանը։
Ներկաները իրենց հուզող հարցերի սպառիչ պատասխաններն են ստացել ՀԱԱՀ պրոֆեսորից: