Երեսուն տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին, հիմնվելով նախորդ տարվա օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի վրա, հայ ժողովուրդը հանրաքվեի ճանապարհով, ազատ կամարտահայտությամբ որոշեց իր ճակատագիրը՝ գրեթե միաձայն քվեարկելով անկախության օգտին։ Երկու օր անց Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ հանրապետություն։
Անկախությունը հայության դարավոր նվիրական երազանքների ու նրա լավագույն զավակների ծրագրերի մարմնացումն է։ Անցած երեք տասնամյակները մաքառումների, պատերազմների, տնտեսական, սոցիալական, կրթական ու մշակութային վայրիվերումների եւ, անշուշտ, հաղթանակների ու վերելքի ժամանակաշրջան է եղել։
Վերջին մեկ տարում մեզ բաժին հասած մարտահրավերները եւս մեկ անգամ առարկայական կերպով ցույց տվեցին, թե որքան կարեւոր է ազգային միասնությունը, գիտության ու կրթության ոլորտում էական առաջընթացը։ Յուրաքանչյուր հայ՝ Հայաստանում թե Սփյուռքում, իր ներդրումը պետք է ունենա այդ առաջընթացի գործում։
Դեպի առաջընթաց ու ազգային վերելք ճանապարհն անցնում է կրթության խողովակով։ Մեր համալսարանը մարդկային կապիտալի ստեղծման այն դարբնոցն է, որը պատասխանատու է գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների համար նորովի մտածող, թվային վերջին տեխնոլոգիաներին տիրապետող, մասնագիտությանը նվիրված, հայրենասեր կադրերի պատրաստման համար։ Տնտեսության մի քանի առանցքային ճյուղեր, ներառյալ գյուղատնտեսությունը, մեծապես որոշարկում են Հայաստանի ընդհանուր հաջողությունը։
Ագրարային համալսարանը ամեն օր ձգտում է ավելի լավ կատարել իր կարեւոր առաքելությունը․ սա է Սեպտեմբեր 21-ի խորհրդի մեր ընկալումը եւ մեր աշխատանքի նպատակը։
Շնորհավոր անկախության հռչակման 30-ամյակը։ Հաջորդող տարիները պետք է լինեն հայաստանցի ուսանողի, դասախոսի, հողի աշխատավորի, գիտնականի, զինվորի հաղթանակների տարիներ։