Ուսումնական գործընթաց․ դասը վարում էր առաջին կուրսի ուսանողը

Մեր յուրահատուկ-յուրօրինակ ուսանողների շարքում պատմել ենք նաեւ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող, Ղպտի եկեղեցու ջատագովական աստվածաբանության ուղղությամբ PhD ստացած Գեւորգ Նալբանդյանի մասին:

Ընդհանրապես, այս կուրսում շատ հետաքրքիր եւ հետաքրքրասեր երիտասարդներ են ի մի եկել, նպատակային-խելամտորեն սովորելու ջիղով-ավյունով: Նրանց համալսարանական ողջ օրը լի է ինքնուրույն, լսարանային, արտալսարանային աշխատանքների բազմազանությամբ: Մեկը ֆրանկոֆոնիայի օրերն է ավելի արդյունավետ դարձնում, մյուսը՝ լատիներենի իմացությունն է խորացնում: Եւ բոլորը միասին սիրում են մշակութաբանության (հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Վարդուհի Ղամբարյան) դասերը՝ քաղաքակրթությունների պատմության ու ժառանգության հետ հաղորդակցվելու այդ բացառիկ րոպեները: Քանի որ առարկայական ծրագիրն ներառում է նաեւ կրոնական ուսմունքների մասին տեղեկացվածության որոշակի մակարդակ, հենց դասախոսն էլ առաջարկեց, որ առաջին կուրսեցի – դոկտոր – աստվածաբանը վարի այդ դասը:

Դոկտոր Նալբանդյանը ցուցադրական հարուստ սահիկներ էր պատրաստել, որ ընկերները ընդգրկուն նյութը հեշտ մարսել կարողանան: Անշուշտ դասախոսն էլ պարբերաբար աջակցում էր, որ արեւմտահայերենի պատճառով թյուրըմբռնումներ չլինեն: Էհ, մեր լեզվի երկու ճյուղի մեջ տասնամյակներով մենք ենք անջրպետ ստեղծել, հուսանք այս սերունդը կկարողանա մեղմել ու հաղթահարել անտրամաբանական վիճակը:

Ուսանողները ուշադիր էին լսում՝ շատերի համար նյութը նոր էր: Հարցեր էին տալիս, ճշտումներ անում՝ հստակեցնում: Իսկ վերջում խնդրեցին, որ թեման շարունակվի նաեւ ուրբաթ օրը: