Ոսկեհատի ՈՒՓՏ ինտենսիվ այգում էտի դաս է

Ինտենսիվ այգիների հիմնում եւ կառավարում դասընթացի շրջանակում կիրակի՝ մարտի 13-ին, ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ի ինտենսիվ այգում էտի առանձնահատկություններին նվիրված գործնական դաս էր: Դասընթացն անցկացվում է ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում, որը Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ իրականացնում է Ագրոբիզնեսի հետաոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը:

Փետրվարին մեկնարկած եւ ապրիլին ավարտվելիք եռամսյա դասընթացին զուգահեռաբար մասնակցում է շահառուների երեք խումբ (մեկն՝ առցանց): Խմբերում հավաքվել են խիստ տարբեր զբաղմունքների տեր մարդիկ, որոնք, սակայն, հավասարապես նպատակասլաց են իրենց մտադրություններում, գլխավորապես՝ կամ հիմնել ու ճիշտ կառավարել ինտենսիվ այգի կամ սովորել ավելի ճիշտ կառավարել արդեն հիմնած այգին:

Մեկ տարի առաջ հիմնված եւ համալսարանի մասնագետների խորագիտության եւ նվիրյալ աշխատանքի շնորհիվ գոհացուցիչ վիճակում գտնվող նորարարական այգին պտղատու ծառատեսակների (դեղձ, կեռաս, սալոր, ծիրան)՝ Հայաստանում եզակի սորտերով արդեն դարձել է կատարյալ վայր ՀԱԱՀ եւ այլ ուսումնական հաստատությունների ուսանողների, ֆերմերների, հետազոտողների ու դասընթացների մասնակիցների գործնական ուսուցման համար:

Ոսկեհատի ՈՒՓՏ ինտենսիվ այգում էտի գործնական դասը վարում էին ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի փորձագետներ Ներսես Կոստանյանը, Արա Հովհաննիսյանը, Արմեն Զաքարյանը եւ Իտալիայից՝ հեռավար եղանակով՝ Դավիդե Ներին: Հայաստանում հայտնի մասնագետները (այդ թվում դոկտ. Ներին), բացի ոլորտում ունեցած լավագույն գիտելիքներից եւ հարուստ փորձից, նաեւ կատարյալ համագործակցության հիանալի օրինակ ցույց տվեցին՝ բոլոր պարագաներում նրբանկատ ձեւով հասնելով փոխհամաձայնության: Գործնական դասին ներկա էին (եւ ցուրտ եղանակին դիմացան ու օգտակար աշխատանքի բերկրանքը վայելեցին) նաեւ ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի պատասխանատուները՝ Սուսաննա Մեժլումյանն ու Սարգիս Մկրտչյանը:

Դասընթացի մասնակիցները, հետեւելով փորձագետներին, նաեւ էտի մկրատը ձեռքն առնելով՝ վերջնականապես համոզվեցին գրագետ էտի հսկայական կարեւորության մեջ: Էտը առողջ, ուժեղ եւ ապրանքային բարձր արժեքով բերքի ու բույսի երկարամյա պահպանումն ապահովող առանցքային գործողություն է:

Որ պտղատեսակի՝ որ սորտի բույսը երբ էտել, ինչպես եւ ինչու. բոլոր պատասխանները ամենալավը գիտեն ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի մեր փորձագետները, որ շռայլորեն ու հաճույքով հաղորդակից են դարձնում դասընթացի մասնակիցներին: